«Ամանորի բարի վազք» բարեգործական վազքարշավ` «Վազիր և օգնիր» կարգախոսով
Երևանի քաղաքապետարանը «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի «Երևանի կիսամարաթոնի» կազմակերպչական թիմի հետ համատեղ կազմակերպել էր «Ամանորի բարի վազք» բարեգործական վազքարշավ` «Վազիր և օգնիր» կարգախոսով:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքից մեկնարկած վազքարշավին մասնակցել են Ձմեռ պապի հանդերձանքով, 14 տարեկանից բարձր տարիքի հարյուրավոր վազորդներ, ովքեր անցել են 5 կմ տարածություն: Վազքի մասնակցության վճարների ողջ հասույթն ուղղվել է բարեգործության՝ «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» երեխաների աջակցության ծրագրերին, մասնավորապես Լոռու և Արմավիրի մարզերի մի շարք դպրոցների մարզադահլիճների համապատասխան գույքով ապահովմանը:
Վազքարշավի մասնակիցները վերջնագիծը հատել են նույն` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքում:
Ներկաների բարձր տրամադրությանը նպաստել են DJ-ն ու տոնական ուրախ ռիթմերը: Հաղթողները պարգևատրվել են պատվոգրերով ու մեդալներով: Խորհրդանշական նվերներ և հուշանվերներ են հանձնվել նաև մյուս մասնակիցներին: