Պետական մարմինների համացանցային համակարգին սպառնացող քանի հաքերային հարձակում է կանխվել ԱԱԾ-ի կողմից
Ընթացիկ տարում խափանվեց ընդհանուր առմամբ մոտ 1 միլիոն հաքերային հարձակում, որից շուրջ 500 հազարը` Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումների ժամանակահատվածում, կանխվեց պետական մարմինների համացանցային համակարգ վիրուսային, վնասաբեր ծրագրերի ներդրման մոտ 115 փորձ: Այս մասին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր ասել է ԱԱԾ տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը նրա խոսքը ներկայացնումէ ստորեւ.
«Համատարած կոմպյուտերիզացիայի պայմաններում մեր գործունեության առաջնահերթություններից է դարձել պետական ապարատի տեղեկատվական համակարգերի անխափան գործու-նեության ապահովումը չարտոնված ներթափանցումներից, կամ, ինչպես ընդունված է ասել, հաքերային հարձակումներից:
Արդեն սովորական է դարձել, որ արձանագրված հարձակումների զգալի մասը կատարվում է Ադրբեջանի, իսկ որոշ մասը` Թուրքիայի տարածքից: Մենք պատրաստ էինք, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտի վտանգներն ու սպառնալիքները կտրուկ աճելու են: Բայց, ի պատիվ Կառավարական կապի և տեղեկատվության վարչության, ինչպես նաև Հակահետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների, պետք է նշել, որ միջազգային պահանջներին համապատասխան կատարվող համալիր միջոցառումների արդյունքում համացանցային տիրույթում ոչ մի վնասակար գործողություն իր նպատակին չհասավ, իսկ ընթացիկ տարում խափանվեց ընդհանուր առմամբ մոտ 1 միլիոն հաքերային հարձակում, որից շուրջ 500 հազարը` Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումների ժամանակահատվածում, կանխվեց պետական մարմինների համացանցային համակարգ վիրուսային, վնասաբեր ծրագրերի ներդրման մոտ 115 փորձ:
Այս տարի ևս պարզաբանվել են ադրբեջանական տարբեր կառույցների պատվերով այլ երկրների տարածքներից կատարված հարձակումները: Սակայն, դրանք նույնպես նպատակին չեն հասել, և անվտանգության մարմինների պաշտպանության տիրույթում գտնվող ոչ մի կայք չի կոտրվել, բացառվել է տեղեկատվության արտահոսքի հնարավորությունը:
Մենք հուսով ենք, որ անվտանգության հարցերով միջազգային կառույցներում ակտիվ ներգրավվածությունը այսուհետ ևս նպաստելու է տեղեկատվական տեխնոլոգիաների, անդրսահմանային և գլոբալ բնույթ կրող այլ հանցատեսակների դեմ արդյունավետ պայքարի մեր հնարավորությունների ընդլայնմանը:
Գործընկեր հատուկ ծառայությունների հետ համագործակցության օրակարգային ամենաարդիական հարցերից մեկն է մնում ահաբեկչական և ծայրահեղական տարաբնույթ դրսևորումների կանխարգելումն ու խափանումը:
Այդ համատեքստում պետք է գոհունակությամբ նշեմ, որ շարունակաբար կատարելագործվում, ամրապնդվում և բարե-կարգվում է սահմանների պահպանության ընդհանուր համակարգը: Ինչպես և խոստացել էինք, ավարտին են մոտենում Բագրատաշեն, Բավրա և Գոգավան սահմանային անցման կետերի արդիականացման աշխատանքները: Այսպիսով` հայ-վրացական պետական սահմանին քաղաքացիների սպասարկումը համապատասխանեցվում է միջազգային ամենաբարձր պահանջներին:
Հետևողական բնույթ է կրում նաև Ծառայության նյութա-տեխնիկական բազայի զարգացումը և տեխնիկական հնարավո-րությունների ընդլայնումը: Ազգային անվտանգության մարմինների մի շարք ստորաբաժանումների կողմից օգտագործվող ժամանակակից տեխնիկական միջոցները թույլ են տալիս որակապես բարձրացնել օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունավետությունը:
Ամենայն վճռականությամբ հավաստիացնում եմ մեր հասա-րակությանն ու պետության ղեկավարությանը, որ Ազգային անվտանգության ծառայությունն ունակ և պատրաստ է դիմագրավել արտաքին և ներքին մարտահրավերներին: Հայաստանի քաղաքացիների, հասարակության ու պետության շահերին սպառնացող վտանգները կանխելու և խափանելու մեր հաստատակամությունն անբեկանելի է ու անսասան: Ազգային անվտանգության ծառայության ղեկավարությունն ու անձնակազմը ցանկացած պայմաններում շարունակելու են պետական մտածելակերպով առաջնորդվելու, բարձր պատասխանատվությամբ գործելու և սեփական գիտելիքներն ու հմտությունները մշտապես զարգացնելու աշխատաոճը: Դա հիմնական գրավականն է մեր հետագա հաջողությունների` անկախ նրանից, թե սրության ինչ աստիճանի կհասնի հակառակորդ հատուկ ծառայությունների հետ առճակատումը: Մենք շարունակելու ենք կոնկրետ գործերով ապացուցել անվտանգության մարմինների աշխատակիցների բարձր պրոֆեսիոնալիզմն ու հակառակորդի ոտնձգությունները կանխելու և խափանելու մեր վճռականությունը:
Հատուկ պետք է ընդգծել նաև, որ վերոնշյալ աշխատանքներն արդյունավետ իրականացնելու համար մենք ստանում ենք մեր քաղաքացիների գործուն աջակցությունը, որի համար շնորհակալ ենք»: