211652_close_icon
views-count930 դիտում article-date 15:21 16-12-2015

ՀՀ Առողջապահության նախարարությունում ներկայացվել է առողջապահական համակարգի 2016-2021 թթ.զարգացման հայեցակարգը

ՀՀ առողջապահության նախարարությունը Առողջապահության Համաշխարհային կազմակերպության Հայաստանյան գրասենյակի աջակցությամբ անցկացրեց «Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը» խորագրով համաժողով: Միջոցառման նպատակն էր ևս մեկ անգամ խոսել առողջության և առողջապահական համակարգում առկա հիմնախնդիրների մասին, ինչպես նաև առաջիկա տարիների համար ոլորտի կանոնակարգման ուղենիշները ամփոփել մեկ փաստաթղթում: Լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ միջազգային փորձագետների մասնակցությամբ այսօր քննարկվելու է հայեցակարգային մի փաստաթուղթ, որը պետք է ներկայացվի ՀՀ կառավարություն: «Այս փաստաթղթով մենք պետք է հաստատենք և ամպրագրենք առողջապահական զարգացումները, բոլոր այն գործողություններով, որոնք պետք է իրականացվեն Առողջապահության Համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկվող ուղղություններին համահունչ: Հայեցակարգը հաստատելուց հետո մենք կկարողանանք համապատասխան ճանապարհային քարտեզով ավելի հստակ բարեփոխումներ իրականացնել»,- ասաց Արմեն Մուրադյանը: Նրա խոսքով` որպես զարգացող երկիր մեզ համար առաջնահերթություն է առողջապահական ծրագրերի իրականացումը` հիվանդությունների կանխարգելման նպատակով: Նախարարի գնահատմամբ` բազմաթիվ քննարկումների արդյունքում պետք է արձանագրվեն առողջապահական համակարգի առաջ դրված հստակ խնդիրները, ամփոփվի վերջին 20 տարվա ընթացքում կատարված աշխատանքը: Իր բացման խոսքով` Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ առողջությունը բացարձակ արժեք է, որը պետք է ստեղծել, պահպանել և անհրաժեշտության դեպքում վերականգնել: «Առողջապահությունը շատ մեծ շերտեր է ներգրավում և ուղղված է առողջ մարդու հետագա կյանքը ապահովելուն, առողջություն ստեղծելուն»,- հստակեցրեց նախարարը` հավելելով, որ համակարգում տեղի ունեցող հետագա զարգացումները պետք է հիմնված լինեն նաև միջազգային փորձագետների կողմից տրված գնահատականների և վերլուծության վրա: «Համոզված եմ, որ 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը հեռանկարային ծրագիր է, որը ժամանակի ընթացքում արժանանալու է շատ բարձր գնահատականի»,- խոսքը եզրափակեց Արմեն Մուրադյանը: Համաժողովի ընթացքում ելույթներ ունեցան ՀՀ Աժ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի տնօրեն տնօրեն Թաթուլ Հակոբյանը, ԱՀԿ Եվրոպական գրասենյակի ներկայացուցիչ Լուիջի Միգրիոլինին: ՀՀ առողջապահության նախարարության Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը ամփոփ ներկայացրեց մշակված հայեցակարգային փաստաթուղթը` նշելով անցյալ տարիների ընթացքում առողջապահության ոլորտում կատարված փոփոխությունները: Նա նաև շեշտադրեց առկա մարտահրավերներին արձագանքելու, ոլորտի պատրաստավածության հետագա զարգացման ուղենիշները: «Առողջապահության համակարգը երկրի բնակչության բարեկեցության կայուն զարգացման անկյունաքարերից մեկն է: Առողջապահական համակարգը ավելին է, քան բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցումը: Այն համապարփակ սոցիալական ուղղվածությամբ մի համակարգ է, որի նպատակն է պահպանել հանրային առողջությունը, ապահովել բժշկական օգնության մատչելիությունը, որակը և շարունակականությունը»,- ասաց Ալեքսանդր Բազարչյանը: Առողջապահական համակարգի 2015-2021 թվականների զարգացման հայեցակարգը մի կարևոր փաստաթուղթ է, որը յուրահատուկ հարթակ է հանդիսանալու անցյալ տարիների ընթացքում առողջության և առողջապահության ոլորտում կատարված փոփոխությունները գնահատելու և հնարավորություն է մշակելու ոլորտի մարտահրավերների հաղթահարման և զարգացման ուղղությունները: Համաժողովի ընթացքում քննարկվեցին բնակչության առողջության պահպանմանը, ամրապնդմանը և առողջության խթանմանն ուղղված առանցքային քաղաքականությունների և գործողությունների վերաբերյալ հարցերը: Միջոցառմանը մասնակցում էին նաև միջազգային կառույցների ներկայացուցիչներ, ովքեր անդրադարձան առողջ ապրելակերպի ձևավորմանն ուղղված ծրագրերին ու համագործակցությանը:

Նմանատիպ նյութեր