ԼՂՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել «Բյուջե-2016»-ի նախնական քննարկումների ամփոփում
Դեկտեմբերի 11-ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Ռուսլան Իսրայելյանը:
Ամփոփիչ նիստի ընթացքում քննության առնվեցին «ԼՂՀ 2016թ. պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագծի փաթեթում ներկայացված մի շարք օրենքների նախագծեր:
Օրինագծերի մասին զեկույցներով հանդես եկան ԼՂՀ ֆինանսների նախարարի տեղակալներ Գրիգորի Մարտիրոսյանը և Արթուր Հարությունյանը, ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը և ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Լևոն Գրիգորյանը:
Զեկուցողները պատասխանել և պարզաբանումներ են տվել ԼՂՀ ԱԺ պատգամավորների առաջադրած հարցերին:
Գլխադասային հանձնաժողովը ներկայացված բոլոր նախագծերը դրական եզրակացությամբ երաշխավորել է երկրորդ նստաշրջանի առաջիկա լիագումար նիստի օրակարգ ընդգրկելու համար:
Նիստին ներկա են եղել նաև ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը և ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Կարեն Ներսիսյանը: