211652_close_icon
views-count8106 դիտում article-date 19:00 10-12-2015

Արջ կա՝ իր համար արջ է, արջ էլ կա՝ ծառայություն է մատուցում

Մի անգամ արջը, տեսնելով իր տիրոջ քթին նստած ճանճին, որոշում է ազատել մարդուն՝ ճանճի համառ հետապնդումներից: Արջը թաթով հարվածում է մարդու քթին ու կոտրում: Հնդկական այս առակից է վերցված «Արջի ծառայություն» թևավոր խոսքը: Այսպիսով՝ «Արջի ծառայություն» ասելով, նկատի ունեն ծառայություն, որը կատարվում է օգնելու նպատակով, բայց վնաս է պատճառում: Այնուամենայնիվ այս առակի ամենահետաքրքիր խորհուրդն այն է, որ արջը կարող է ծառայել մարդուն: Ստույգ հայտնի չէ, թե ինչպես է արջն առաջին անգամ ծառայության անցել մարդու մոտ: Հնդկական առակում մարդն այգեպան է, ունի այգի, զբաղվում է նաև մեղվապահությամբ: Արջը տեսնելով այգու հյութեղ պտուղներն ու մեղվի փեթակները, առաջարկում է իր ծառայությունն այգեպանին: Արջն առաջարկում է պաշտպանել այգին երեխաներից և կովերից, որոնք թաքուն մտնում էին այգի, պտուղներ գողանում-ուտում և վնասում ծառերը: Ինչպես նաև խոստանում է ուղեկցել մարդուն շուկա, պաշտպանել նրան անտառում թաքնվող ավազակների հնարավոր հարձակումներից: Փոխարենն ակնկալում է վարձատրություն՝ թարմ պտուղների, իսկ ձմռանը՝ չորացված մրգերի և մեղրի տեսքով: Այդպես սկսվում է այգեպանի և արջի փոխշահավետ համագործակցությունը: Արջը ճշտորեն կատարում է իր պարտականությունները, իսկ մարդը, պայմանավորվածության համաձայն, կերակրում է արջին մրգերով ու մեղրով: Այդպիսով՝ արջն այլևս չէր թափառում անտառում՝ սնունդ գտնելու համար, այլ ապահով ապրում էր տիրոջ այգում, միաժամանակ ապահովում էր այգու և փեթակների անվտանգությունը, սարսափ տարածում ավազակների, ինչպես նաև՝ խաղաղ գյուղացիների շրջանում: Արջը պրոլետարական գիտակցություն չուներ, չէր հասկանում, որ իրեն շահագործում են: Նա աշխատավարձի բարձրացման, կամ հանգստյան օրերն ավելացնելու պահանջով բողոքի ցույցեր չէր անում, ինչպես այգեպանի մոտ աշխատող գյուղացիները: Վերջինները արջի հետ ընկերություն չէին անում, ծաղրում էին նրան, տարբեր մականուններ կպցնում, արջին համարում էին անուղեղ կենդանի: Սակայն արջը նրանց չարություններից չէր վիրավորվում: Նրան պետք չէր գյուղացիների ընկերությունը, նա մանկության ընկերներ ուներ անտառում: Իսկ այգեպանի մոտ աշխատելով կարողանում էր ընտանիք պահել, նրա քոթոթները չէին քաղցում, ինչպես անտառի շատ բնակիչները: Մի օր, երբ մարդը ստուգում էր փեթակները, մի մեղու բզզում ու նստում է մարդու դեմքին: Արջը ձեռքով քշում է մեղվին (այդ պահին մարդու ձեռքերը զբաղված էին՝ երկու ձեռքով բռնել էր փեթակը): Առաջին անգամ դա հաջող է ստացվում, մեղուն դեմքից թռչում-հեռանում է, և մարդը գոհ ժպտում է արջին: Արջը հասկանում է, որ լավ բան է արել: Քիչ անց մեղուն (հնարավոր է նույն մեղուն) կրկին է նստում մարդու դեմքին: Արջը կրկին քշում է մեղվին, սակայն այս անգամ անզգուշաբար հարվածում է մարդու դեմքին՝ կոտրելով նրա քիթը: Այգեպանը խիստ բարկանում է, սակայն հասկանում է, որ դա իր արջն է, իր հավատարիմ ծառան, և չի սատկացնում: Գյուղացիները ծիծաղում են մարդու և արջի վրա, ծաղրում, սակայն մարդ-արջ գործակցությունը չի խախտվում: [b]Թաթուլ Մկրտչյան[/b]

Նմանատիպ նյութեր