1633 դիտում
15:29 05-12-2015
«Խորհրդարանական դիվանագիտությունը եւ ղարաբաղյան հիմնախնդիրը» թեմայով բաց դասախոսություն՝ ԼՂՀ ԱԺ-ում
ԼՂՀ Ազգային ժողովում դեկտեմբերի 4-ին անց է կացվել «Խորհրդարանական դիվանագիտությունը եւ ղարաբաղյան հիմնախնդիրը» թեմայով պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանի բաց դասախոսությունը՝ պատգամավորական կազմի, խորհրդարանի աշխատակազմի ու արտաքին գործերի նախարարության պատասխանատուների համար:
Իր ելույթում ընդգծելով միջազգային գործընթացներում խորհրդարանական դիվանագիտության աճող դերը, պրոֆեսոր Մանասյանը մասնավորապես նշել է, որ գլոբալացման պայմաններում արտաքին քաղաքականությունը դադարել է լինել մեկի կամ իշխանական փոքր խմբի իրավասության դաշտի տակ լինել միայն. աճում է այլ գործոնների դերը, որոնց թվում են փորձագիտական համայնքը, ժողովրդական ու խորհրդարանական դիվանագիտությունը եւ այս սանդղակում ամենաբարձր տեղը գրավող պաշտոնական տեսակետը՝ ի դեմս հանրապետության նախագահի, որն իրականացվում է արտաքին գործերի նախարարության միջոցով:
«Սրանք բոլորովին այլ դաշտեր են, ունեն ազատության տարբեր աստիճաններ ու ընդգրկում են միանգամայն տարբեր լսարաններ: Եւ արտաքին քաղաքականություն ծավալող պետությունը պետք է կարողանա այդ դաշտերն արդյունավետ կերպով օգտագործել՝ ընդհանուր քաղաքական խնդիրների լուծման համար»,- ընդգծել է Ալեքսանդր Մանասյանը:
Պրոֆեսոր Մանասյանը, նշելով նաեւ վերջին ժամանակներում փորձագիտական համայնքի ազդեցության շրջանակների ընդլայնման իրողությունը, կարեւորել է փորձագետների ու խորհրդարանականների միջեւ մշտական կապի ու խորհրդատվությունների իրականացման անհրաժեշտությունը:
Շնորհակալություն հայտնելով պրոֆ. Մանասյանին՝ հետաքրքիր ու ընդգրկուն բանախոսության համար՝ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ նման հանդիպումները 6-րդ գումարման խորհրդարանի պատգամավորական կազմի համար շարունակական կլինեն:
Արցախի խորհրդարանի ղեկավարը ներկաների անունից շնորհավորել է պրոֆ. Ալեքսանդր Մանասյանին՝ ծննդյան 75-ամյակի կապակցությամց, մաղթել գիտական ու ստեղծագործական նոր հաջողություններ եւ պարգեւատրել նրան ԼՂՀ ԱԺ պատվոգրով եւ հուշամեդալով:
Բաց դասախոսությանը ներկա էին նաեւ ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վ.Բալայանը, կրթության, գիտության եւ սպորտի նախարար Ս.Ասրյանը, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Ն.Աղաբալյանը, ԱրՊՀ ռեկտոր Մ. Մինասյանը:
Նմանատիպ նյութեր
3751 դիտում
10:45 21-09-2017
Ղարաբաղյան հիմնախնդիրը Ադրբեջանի և Հայաստանի նախագահների ելույթներում. «Ամերիկայի ձայն»
3808 դիտում
20:27 27-09-2018
Հենց Ադրբեջանն է, որ հրաժարվում է ղարաբաղյան հիմնախնդիրը լուծել խաղաղ ճանապարհով. ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը՝ Ադրբեջանին
Այս բաժնից
802 դիտում
16:02 25-01-2025
95 տարեկանում մահացել է Ալբանիայի ուղղափառ եկեղեցու առաջնորդը
859 դիտում
15:45 25-01-2025
Ղազախստանում նավթի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
820 դիտում
15:33 25-01-2025
Իրանը հերքել է Լիբանան զենք տեղափոխելու վերաբերյալ Իսրայելի մեղադրանքները