211652_close_icon
views-count3782 դիտում article-date 19:00 05-12-2015

Սահմանադրության հնարավոր ազդեցությունը եղանակի վրա

Երկրներ կան, որտեղ մարդիկ ձնագնդի չեն խաղում, սահնակ-դահուկ չեն քշում, սառույցի վրա չեն սահում-ընկնում, վառարան չեն վառում, ջեռուցման համակարգ չեն անցկացնում, չեն մրսում ցրտից, հարբուխով չեն հիվանդանում, որովհետև ձմռանն օդի ջերմաստիճանը չի իջնում, ձյուն չի գալիս, ցուրտ չի: Իսկ մեր երկրում ինչո՞ւ է ձյուն գալիս: Կարելի՞ է ասել, որ կլիման ազդում է ժողովրդի մտածողության, սոցիալ-հոգեբանության, քաղաքական և քաղաքակրթական ընտրության վրա: Անցած դարում տաք երկրների մեծ մասը մշակույթով, քաղաքական համակարգով, բնակչության կենսամակարդակով էապես տարբերվում էին ցուրտ երկրներից: Օրինակ՝ բալթյան, սկանդինավյան, հյուսիսեվրոպական երկրների մեծ մասը զարգացած տնտեսություն ունեն: Նորվեգիայում, Շվեդիայում ամենաբարձր կենսամակարդակն է, աղքատներ և գործազուրկներ քիչ կան, հանցագործությունների թիվը չնչին է: Իսկ օրինակ՝ հնդկական, ասիական, աֆրիկյան երկրների մեծ մասը հետամնաց են: Այդտեղ աղքատությունը համատարած է, կենսամակարդակը ցածր է: Տաք երկրներում բուսակերները շատ են, իսկ ցուրտ երկրներում մսակերներն են շատ: Տաք երկրներում ալկոհոլային խմիչքներ քիչ են օգտագործում, իսկ ցուրտ երկրներում՝ շատ եմ խմում: Սիբիրի տափաստանների բնակիչների հիմնական սնունդը եղջերվի միսն է, որը հիմնականում հում են ուտում: Ռուսները 200 տարի պայքարել են նենեցների դեմ, մեծ մասին ոչնչացրել են, մի մասին ստիպել են ուղղափառություն ընդունել, աքսորել արևմուտք: Սակայն կայսրության կործանումից հետո նենեցները կրկին ապրում են իրենց սովորույթների համաձայն: Որոշ աթեիստ-սոցիալ-հոգեբաններ կարծում են, թե հին ժամանակներում, երբ գաղափարախոսություններ, կրոններ չկային, կլիման էր ազգություն ձևավորում: Ազգերը միմյանցից տարբերվում էին սովորույթներով, իսկ սովորույթները ձևավորվում էին կլիմային համապատասխան: Այդպես Հնդակստանում առաջացել են հնդիկներ, Չինաստանում չինացիներ, Աֆրիկայում նեգրեր, Հայկական բարձրավանդակում՝ հայեր, միջինասիական տափաստաններում՝ թուրքեր, Սկանդինավիայում՝ վիկինգներ, Ամերիկայում՝ հնդկացիներ և այլն: Նույն այդ տրամաբանությամբ այսօր էլ ենթադրելի է, որ եթե նենեցին բնակեցնեն Հնդկաստանում, իսկ մի քանի սերունդ անց նենեցը կդառնա հնդիկ: Կամ եթե հայը բնակվի Ռուսաստանում, ապա մի քանի սերունդ անց կդառնա ռուս: Կամ եթե քուրդը բնակվի Արևմտյան Հայաստանում, ապա մի քանի սերունդ անց կդառնա հայ, և այլն: Կա նաև հակառակ տեսությունը, ըստ որի ոչ թե կլիման է ազգություն ձևավորում, այլ հավաքական սովորույթներն ու ավանդույթներն են ազդում կլիմայի վրա: Այս տեսության համաձայն ցուրտ ձմեռը, բնական երևույթները, ինչպես նաև՝ աշխարհագրական առանձնահատկությունները ձևավորվում են ըստ ժողովրդական սովորույթների: Այս իդեալիստական մոտեցման համաձայն մարդը կարող է ազդել եղանակի և կլիմայի վրա՝ գիտակցաբար: Այսինքն՝ ազգային-հասարակական արժեքները, օրենքները և սահմանադրությունը կարող են ազդել եղանակի վրա. Խիստ օրենքները ցուրտ եղանակ են ստեղծում, իսկ մեղմ-ազատական օրենքները՝ տաք: [b]Թաթուլ Մկրտչյան [/b]

Նմանատիպ նյութեր