211652_close_icon
views-count1324 դիտում article-date 13:04 30-11-2015

Ավստրիայի ազգային գրադարանում բացվել է «Հայաստանը հին քարտեզներում» խորագրով քարտեզների ցուցադրությունը

Նոյեմբերի 26-ին Ավստրիայում Հայաստանի դեսպանությունը Ավստրիայի ազգային գրադարանում կազմակերպեց լոնդոնաբնակ հայ պատմաբան և քարտեզագետ Ռուբեն Գալիչյանի «Հայաստանը հին քարտեզներում» դասախոսությունը և նույն խորագիրը կրող հին քարտեզների ցուցահանդես: Դասախոսությունը, որը պատմում էր հնագույն ժամանակներից մինչ օրս աշխարհի քարտեզներում Հայաստանի հիշատակման փաստերի մասին, ունկնդրեցին ավստրիացի պատմաբաններ, քարտեզագետներ, գիտակրթական շրջանակների ներկայացուցիչներ, երկրում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, դիվանագետներ, մշակութային և հասարակական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, ով անդրադարձավ Ռուբեն Գալիչյանի գիտական գործունեությանը և վերջին տարիների ընթացքում ունեցած ազգանվեր աշխատանքներին: Ապա ներածական խոսքով հանդես եկավ Վիեննայի համալսարանի պատմական գիտությունների պրոֆեսոր, քարտեզագետ Պետրա Սվատեկը, ով պատմեց հնագույն և հին քարտեզների հետ տարած աշխատանքում իր ունեցած գիտական փորձի և Հայաստանի հետ ակամայիս ունեցած առնչությունների մասին: Ապա կարճ դասախոսությամբ հանդես եկավ ավստրո-բելգիական գիտական ընկերակցության նախագահ, քարտեզագետների միջազգային ասոցիացիայում Ավստրիայի ներկայացուցիչ դոկտոր Ստեֆան Միսսինեն, ով ներկայացրեց Ամերիկայի մայր ցամաքն առաջին անգամ նկարագրող և ըստ այդմ դրա «ծննդյան վկայականը համարվող» Լեոնարդո դա Վինչիի պատրաստած գլոբուսի վրա դոկտոր Միսսինեի կողմից հայտնաբերած Հայաստանի հիշատակման հանգամանքը: Ապա դասախոսությամբ հանդես եկավ դոկտոր Ռուբեն Գալիչյանը, որից հետո պատասխանեց լսարանին հետաքրքրող հարցերին: Միջոցառման վերջում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն՝ ի պատիվ հայ և ավստրիացի գիտնականների:

Նմանատիպ նյութեր