1199 դիտում
19:27 25-11-2015
Նախագահը խորհրդակցություն է հրավիրել Արարատի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մարզային գերակայությունները քննարկելու նպատակով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արարատի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Արարատի մարզի 2014թ. և 2015թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների, գերակայությունների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով:
«Արարատի մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը նվիրված այս խորհրդակցության ընթացքում ակնկալում եմ, որպեսզի մենք քննարկենք ոչ միայն այն խնդիրները, որոշակի դժվարությունները, որոնք առաջացել են առատ բերքի և մեր վերամշակող ընկերությունների սպառման շուկաներում բարդություններով պայմանավորված, այլ նաև դրանց հաղթահարման ճանապարհները և այդ տեսանկյունից հաջորդ տարվա անելիքները, որովհետև այս բարդությունը միանգամից չի վերանալու: Հանգամանորեն կքննարկենք նաև Արարատի մարզի արդյունաբերական զարգացման խնդիրները, առավել ևս, որ վերջին տարիներին Արարատի մարզի արդյունաբերական զարգացումը բավականաչափ լավ տեմպեր ունի: Անշուշտ, կցանկանայի մանրամասն անդրադառնայինք գյուղատնտեսության զարգացման խնդիրներին. Արարատի մարզը հայտնի է իր գյուղատնտեսական լավ գործունեությամբ, պտղի արտադրության մեծ փորձով, բայց անկախ ձեր բերած արդյունքներից, այստեղ էլ համոզված եմ, որ մենք պետք է անցնենք ինտենսիվ գյուղատնտեսության և ժամանակակից մեթոդների կիրառմանը: Սա ոչ միայն ընդհանուր միտումների հետ է կապված, այլ պայմանավորված է նաև որոշակի առանձնահատկություններով: Արարատի մարզում կան բազմաթիվ հողատարածքներ, որոնք սովորական մշակման համար պիտանի չեն, բայց մեր փորձը ցույց տվեց, որ դրանք կարող են շատ հարմար վայրեր հանդիսանալ ժամանակակից ջերմոցներ կառուցելու և ինտենսիվ գյուղատնտեսության վարման համար:
Շատ կարևոր է քննարկել այն ծրագրերի իրականացման ընթացքը, որոնք միտված են մարզում համակարգային խնդիրների լուծմանը: Նկատի ունեմ, օրինակ, ջրամբարի կառուցումը: Սա խոշոր ծրագիր է: Հիշու՞մ եք, ես այս ծրագրի մասին դեռևս 4-5 տարի առաջ եմ խոսել, և մարզի բնակիչներն ինձ ասում էին, որ դեռևս Խորհրդային Միության տարիներին նրանք երազում էին, որպեսզի այդ ջրամբարը կառուցվի: Անշուշտ, արդեն հսկայական աշխատանք է կատարված, և ձեր խնդիրն է՝ լիարժեքորեն իրականացնել այն պարտականությունները, որ ջրամբարի կառուցման հետ կապված դրված է մարզպետարանի վրա: Որևէ ձգձգում չպետք է լինի, որովհետև հիմա մենք մտել ենք մի այնպիսի փուլ, որ նաև մեզնից է կախված, թե որքան արագ կսկսվի շինարարությունը: Վեդու ջրամբարը հանդիսանալու է անկախ Հայաստանում Մարմարիկից հետո կառուցված երկրորդ ջրամբարը, որը բերելու է Սևանի ջրախնայողությանը: Սա բավականին կարևոր ծրագիր է, քանի որ նաև հսկայական տարածքներ ոռոգման հնարավորություն են ստանալու:
Ես մեկ անգամ ևս հավաստում եմ, որ մենք շարունակելու ենք բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարելավումը մարզերում. առաջին հերթին նկատի ունեմ առողջապահական խնդիրները: Դուք գիտեք, որ արդեն հաջորդ տարի Արտաշատի հիվանդանոցն է ամբողջովին վերակառուցվելու, և դա մարզում կլինի արդեն երկրորդ ժամանակակից առողջապահական հաստատությունը:
Պետք է մեծ ուշադրություն դարձնել նաև մարզում աղբահանության խնդիրներին»,-խորհրդակցության սկզբում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը ներկայացրել է ըստ ոլորտների Արարատի մարզում հաշվետու ժամանակաշրջանում իրականացված աշխատանքները, ձեռքբերումները, առաջնահերթ հիմնախնդիրները և զարգացման ծրագրերը:
Խորհրդակցությանը մասնակցող Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը զեկուցել է Հիմնադրամի առաջին բաղադրիչով մարզի համայնքներում նախատեսվող ներդրումների վերաբերյալ, որոնք հիմնականում ներառում են սոցիալական ենթակառուցվածքների ոլորտը:
Խորհրդակցության ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել: Մասնավորապես՝ մարզի ոռոգելի հողատարածքների ավելացման և կայուն ջրամատակարարման ապահովման, Սևանա լճից բաց թողնվող ոռոգման ջրաքանակների տնտեսման նպատակով, ՀՀ Արարատի մարզպետին հանձնարարվել է՝ համակողմանի աջակցություն ցուցաբերել ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից առաջիկայում իրականացվելիք մարզի ոռոգման համակարգերի զարգացման խոշորածավալ ծրագրերին՝ մասնավորապես 2016թ. նախատեսված Վեդիի ջրամբարի կառուցման ու ոռոգման ցանցերի արդիականացման նախապատրաստական աշխատանքներին, միաժամանակ, պատշաճ վերահսկողություն սահմանելով այդ հիդրոտեխնիկական կառույցների տարածքներում նոր հողահատկացումներն ու ապօրինի հողօգտագործումները բացառելու նպատակով:
Գյուղատնտեսական հողատեսքերի օգտագործման արդյունավետության բարձրացման նպատակով, ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի հետ համատեղ քննարկել մարզի ցանքային տարածությունների, պտղի և հատապտղի տնկարկների ավելացման և մշակության ինտենսիվացման, մասնավորապես՝ նոր ինտենսիվ այգիների և ջերմոցային տնտեսությունների հիմնման միջոցով ներդրումային ծրագրերի առաջմղման համար համապատասխան խթանման մեխանիզմների կիրառման ուղղությունները՝ հաշվի առնելով նաև Արարատի տարածաշրջանում իրականացվելիք ոռոգման համակարգերի արդիականացման և ջրախնայողական տեխնոլոգիաների ներդրման ծրագրի մանրամասները:
Բնական աղետներից գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների և տնկարկների պաշտպանության մեխանիզմների շարունակական բարելավման նպատակով ՀՀ ՏԿԱԻ նախարարին հանձնարարվել է ուսումնասիրել ՀՀ Արարատի մարզում հակակարկտային համակարգերի ազդեցության գոտու ընդլայնման առաջնահերթությունները և կառավարման արդյունավետության բարձրացման հնարավորությունները՝ համապատասխան ֆինանսական աղբյուրների վերաբերյալ գնահատականները ներկայացնելով ՀՀ կառավարության քննարկմանը:
ՀՀ ՏԿԱԻ նախարարին հանձնարարվել է նաև շահագրգիռ կողմերի հետ համատեղ քննարկել Արարատի մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մշակման մանրամասները՝ միաժամանակ ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ ուղղված խոշոր բնակավայրերի, մասնավորապես, Մասիս համայնքի աղբավայրի օգտագործման կանոնակարգմանը և կառավարման խնդիրներով պայմանավորված բացասական էկոլոգիական ազդեցության նվազեցմանը:
ՀՀ Արարատի մարզպետին հանձնարարվել է ՀՀ առողջապահության նախարարի հետ համատեղ ուսումնասիրել մարզի առողջապահական համակարգի արդիականացման արդյունքները՝ մարզային առողջապահական համակարգի հետագա բարելավման, այդ թվում՝ Արտաշատի բժշկական կենտրոնի արդիականացման, մարզային բժշկական կադրերի վերապատրաստման և առանձին նեղ մասնագետներով ապահովման շարունակական միջոցառումներ ձեռնարկելով:
Մարզի կրթական, մշակութային, մարզական օբյեկտների հիմնանորոգման և շինարարություն, առանձին խոցելի համայնքների ենթակառուցվածքների զարգացման նպատակով ՀՏԶՀ-ին տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել զեկույցի ընթացքում ներկայացված հրատապ ծրագրերի ցանկով նախատեսված ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և շինարարական աշխատանքների մրցութային գնման համապատասխան գործընթաց՝ հետագա ծրագրերի կազմման ժամանակ առաջնահերթություն տրամադրելով համայնքների կրթական հաստատությունների հրատապ հիմնանորոգման և մարզի զբոսաշրջության զարգացման խնդիրներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+