211652_close_icon
views-count2053 դիտում article-date 20:00 24-11-2015

Ասավ, հասավ գառանը, առավ, թռավ անտառը

«Գայլն ու գառը» բանաստեղծության ամփոփիչ խորհուրդը՝ «Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր», բնական ընտրության տեսության հիմնադրույթներից է, կիրառելի է եղել մինչև բանական մարդու (լատ. homo sapiens) ի հայտ գալը: Քարանձավում ապրող նեանդերթալյան մարդն այդպես էր մտածում, որովհետև օրենք չկար, դատարան չկար, սահմանադրություն չկար, և ուժեղը միշտ իրավացի էր, իսկ թույլը միշտ մեղավոր: Այս առումով բանաստեղծությունը պարզ է թվում, և աչքաթող են արվում ուշագրավ մի շարք դրվագներ: Սոցիալիստները գայլ չէին սիրում և կարծում էին, որ մարդուն ազատություն պետք չէ, որովհետև ազատության մեջ մարդը դառնում է գայլ: Հանցագործների համար գայլը ազատության ձգտման խորհրդանիշ էր: Սոցիալիստ գրողները ստեղծում էին գայլի բացասական, երբեմն էլ՝ զավեշտալի (Օր. «Դե՛ սպասիր») կերպարներ: «Գայլն ու գառը»-ում գայլն անարդարության, անազնվության, ագահության մարմնացում է: Կոմունիստ-աթեիստները նաև գառ չէին սիրում: Գառը խոնարհության, երբեմն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի խորհրդանիշներից է: Խնկո ապոր ժամանակ հավատացյալներն օրենքով հալածվում էին, քրեորեն հետապնդվում, եկեղեցուն խոսափող չէր տրամադրվում, քահանան հարգանք-հեղինակություն չուներ, հավատացյալը հասարակական ծաղրի էր ենթարկվում: «Գայլն ու գառը»-ում գառն անմեղ կերպար է, բայց հալածվում է, ինչպես հավատացյալները կոմունիստական բռնատիրության տարիներին: Աթեիզմը և հակաքրիստոնեական քարոզչությունը շաղախված էին հակահրեությամբ: Այս տեսանկյունից «Գայլն ու գառը» ինչ-որ առումով հրեական հոլոքոստի պատկերն է, որտեղ գայլը նացիստական վարչակարգն է, գառը հրեա ժողովուրդն է, իսկ գրվածքի խորհուրդը բնական ընտրության քարոզ է: «Գայլն ու գառը»-ում գայլն անհարգալից է վերաբերվում գառան նկատմամբ, նրան վիրավորական ու սպառնալի բառեր ասում: Սակայն գառը նույն տոնով չի պատասխանում, այլ դիմում է «պարոն»-ով՝ «Մի բարկանա պարոն գայլ»: Այդ դրվագում ցույց է տրվում, որ գայլը կոմունիստ չէ (կոմունիստական բռնատիրության տարիներին պարոնով չէին դիմում), կոմունիստական իշխանության կամ նրա ընդդիմության (գողական) մարմին չէ, այլ բուրժուական հասարակության ներկայացուցիչ, այսինքն՝ քաղաքակրթական թշնամի: Այսպիսով արմատավել է կաղապար, թե «պարոնը» անարդար-անազնիվ տեսակին, գայլին դիմելու ձևն է: Այս ամենով հանդերձ, «Գայլն ու գառը» ցնցող տպավորություն է թողնում վերջին տողով՝ «Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր»: Այս մոտեցումը ներքին սպառման նշանակություն ուներ այդ թվերին: 88-ի շարժման ժամանակ անկախության հիմնական ընդդիմախոսները մեջբերում էին այս տողը, ցույց տալու համար, որ գաղութատիրոջ մոտ թույլ ենք ու մեղավոր, ինչպես գառը գայլի մոտ, նաև շրջապատված ենք ուժեղ հարևաններով, որոնք մեզ կուտեն, ինչպես գայլը գառանը: Մի խոսքով՝ այս դրույթը սխալ է բարոյական, սոցիալական, քաղաքական, մշակութային տեսանկյուններից, լուրջ խոչընդոտ է տնտեսական ազատ մրցակցության, քաղաքական մրցակցության համար, և մեծ հաշվով՝ սպառնալիք է ազատ, ժողովրդավարական և իրավական պետության գոյության համար: [b]Թաթուլ Մկրտչյան[/b]

Նմանատիպ նյութեր