211652_close_icon

ՍԱՏՄ նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

views-count1318 դիտում article-date 12:35 11-08-2025
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2024 թվականի նոյեմբերի 11-ից 2025 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, օգտագործելով իր իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունը, նույն տեսչական մարմնի պահեստապետի և մի շարք այլ աշխատակիցների օժանդակությամբ հափշտակել է իրեն վստահված՝ ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռք բերված և տեսչական մարմնի կարիքների համար նախատեսված վառելանյութերի կտրոնները, ինչպես նաև վերը նշված աշխատակիցների անվամբ սահմանվածից անհամեմատ ավել չափով անհիմն ելքագրված պարգևավճարները:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ տեսչական մարմնի պահեստապետը ՍԱՏՄ ղեկավարից ստացել և վաճառել է ընդհանուր 15․300 լիտր բենզինի և 1․000 լիտր դիզելային վառելիքի կտրոններ, որի արդյունքում առաջացած 7․844․000 ՀՀ դրամ գումարն անձամբ փոխանցել է ՍԱՏՄ ղեկավարին։ Բացի այդ, վերջինս հափշտակել է նաև տեսչական մարմնի հաշվեկշռում հաշվառված և իրեն վստահված՝ 2․926․080 ՀՀ դրամ արժողության 6․096 լիտր ավտոբենզինի կտրոնները: Արդյունքում՝ հիշյալ պաշտոնատար անձի կողմից հափշտակվել են ընդհանուր 10․770․080 ՀՀ դրամի 21.396 լիտր բենզինի և 1․000 լիտր դիզելային վառելիքի կտրոններ:

Բացի դրանից, ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, տեսչական մարմնի աշխատակիցներին բացառապես ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված պարգևավճարներ տրամադրելու փոխարեն, մի շարք աշխատակիցների հանձնարարել է իր կողմից առանց հիմնավորման որպես պարգևատրում նրանց փոխանցված գումարների մի մասը կանխիկացնել և պահեստապետի միջոցով տրամադրել իրեն: Այդ կերպ վերջինս, իր իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, հափշտակել է իրեն վստահված խոշոր չափերով՝ ընդհանուր 3.454.000 ՀՀ դրամը։

Ծառայողական լիազորություններն օգտագործելով խոշոր և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու համար ՍԱՏՄ նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, իսկ նրան օժանդակած պահեստապետին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով, 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 46-256-րդ հոդվածի
2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Պետությանը պատճառված վնասից նախաքննության ընթացքում վերականգնվել է շուրջ 10 մլն ՀՀ դրամը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Նմանատիպ նյութեր