Դեղերի գները նվազել են. ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյան
                        Հանրապետությունում վերջին շրջանում արձանագրվել է դեղերի գների նվազում: Այս մասին ՀՀ կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: 
	ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշտադիտարկվել են թվով 4 դեղագործական կազմակերպությունների մայիս–հոկտեմբեր ամիսների ընթացքում իրացված 50 անվանում առավել լայն սպառում ունեցող (հիմք` ներմուծման ծավալները) դեղերի (ցավազրկողներ, ոչ հորմոնային հակաբիոտիկներ, լայն սպեկտրի հակաբիոտիկներ, սրտային, հորմոնային, անոթային, հակադիաբետիկ, վիտամիններ և հակասնկային) մանրածախ գները: 
	 Ըստ մշտադիտարկման արդյունքների` հիշատակված դեղերի մանրածախ գների պատկերը մայիս-հոկտեմբեր ամիսների համեմատությամբ հետևյալն է.
	1)	30 անվանում (60 տոկոս) դեղերի գները մնացել են անփոփոխ 
	2)	17 անվանում (34 տոկոս) դեղերի գները նվազել են մինչև 30 տոկոս,
	3)	3 անվանում (6 տոկոս) դեղերի գները բարձրացել են մինչև 3 տոկոս: 
	Նախարարն ընդգծեց, որ յուրաքանչյուր ամսվա ընթացքում հանրությանը կներկայացվեն շարունակական ուսումնասիրությունների արդյունքները: 
	ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Արմեն Մուրադյանը նշեց, որ ԵԱՏՄ ընդհանուր տնտեսական տարածքում գնային քաղաքականությունը ներդաշնակ պահելու նպատակով տարեսկզբից իրականացվել են նույնականացման աշխատանքներ: 
	Դեղերի գների իջեցումը տեղի է ունեցել հայաստանյան դեղներմուծող և արտադրող ընկերությունների և դեղագործական ներկայացուցչությունների հետ պարբերաբար հանդիպումների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

