211652_close_icon
views-count792 դիտում article-date 16:41 17-11-2015

Հայաստանում պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման բարելավումը` ուշադրության կենտրոնում է

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց Human rights watch կազմակերպության Հարավային Կովկասում ծրագրերի տնօրեն Գիորգի Գոգիային և Առողջության և մարդու իրավունքների բաժնի պետի տեղակալ Դիդրիք Լոհմանին: Արմեն Մուրադյանը մասնագետներին ներկայացրեց մեր երկրի առողջապահական համակարգում պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման ներդրման ուղղությամբ իրականացված քայլերը: «Պալիատիվ խնամքի բարելավման, ինչպես նաև համապատասխան օրենսդրական դաշտի հստակեցման ընդունման ուղղությամբ ակտիվ քայլեր ենք իրականացնում»,- ասաց նախարարը: Ներկայումս շրջանառության մեջ է դրված 2011-2014թթ. իրականացված փորձարարական ծրագրի տվյալների վերլուծության արդյունքների գնահատման հիման վրա մշակված «Պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման ներդրման ռազմավարությունը և պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման ռազմավարության 2016-2019թթ. միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը: Դիդրիք Լոհմանը երկար տարիներ աշխարհի տարբեր երկրներում աշխատել է պալիատիվ խնամքի հիմնախնդիրների ուղղությամբ: Նա ներկայացրեց այն մարտահրավերները, որոնց ցավազրկող հաբերի հասանելիության չարաշահման կամ արտահոսքի կանխարգելման հարցերում բախվում են այլ պետությունները: «Պալիատիվ խնամքի խնդիրները երկրների մեծ մասում նման են միմյանց: Շատ կարևոր է այն գիտակցումը, որ այս ոլորտում պետք է անհրաժեշտ քայլեր իրականացնել»,- ասաց Լոհմանը: Նա հույս հայտնեց, որ առաջիկայում նախարարության, այլ գերատեսչությունների և միջազգային կազմակերպությունների հետ համակարգված աշխատանքը հնարավորություն կընձեռի բարելավել պալիատիվ խնամքի որակը: ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկման առանցքում էին նաև այս ոլորտի զարգացումները, մասնավորապես` Հայաստանում պալիատիվ խնամքի ազգային ռազմավարության ընդունման առնչվող խնդիրները, թմրադեղերի մասին օրենքի նախագիծը և մորֆինի հաբերի գրացման գործընթացը: Անդրադարձ կատարվեց նաև «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի ընդունմամբ պայմանավորված բարափեխումներին: Հյուրերը նախարարին փոխանցեցին 2015թ. հուլիսին իրենց կողմից պալիատիվ խնամքի ազգային ռազմավարության խնդիրների վերաբերյալ հրապարակված զեկույցի հայերեն տարբերակը: Նշենք, որ ՀՀ նախագահի 2012թ. հանձնարարության համաձայն ՀՀ ԱՆ Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում ծավալվել է բժշկական օգնության 10 մահճակալանոց բաժանմունք: 2011թ. հուլիսից մինչ 2014թ. ապրիլ «Գլոբալ» հիմնադրամի «Առողջապահական համակարգի հզորացում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում ՀՀ ԱՆ գլխավորությամբ «Պացիենտների իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվել է պալիատիվ խնամքի փորձարարական ծրագիր:

Նմանատիպ նյութեր