211652_close_icon
views-count2390 դիտում article-date 11:24 17-11-2015

Շախմատի Եվրոպայի առաջնություն. Հայ-անգլիական ճակատամարտի ելքը վճռեցին Հայաստանի աղջիկները

Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը մարտական ոչ-ոքի խաղաց Անգլիայի ընտրանու հետ: Բոլոր խաղատախտակներում էլ արդյունավետ ելք գրանցվեց: Շարունակում է զարմացնել մեր առաջատար Լևոն Արոնյանը: 3-րդ տուրում աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին հաղթելուց հետո Արոնյանը պարտվեց Մայքլ Ադամսին (2744): Գաբրիել Սարգսյանը սպիտակներով հաղթեց Դևիդ Հաուելին, Հրանտ Մելքումյանը սևերով առավելության հասավ Նայջել Շորթի (2686) նկատմամբ, իսկ չորրորդ խաղատախտակում Գիվեյն Ջոնսը սևերով հաղթեց Կարեն Գրիգորյանին, որը իր նորամուտն էր նշում Հայաստանի հավաքականում: Մեր տղամարդկանց հավաքականը 4 տուրից հետո վաստակել է 5 միավոր: Առաջատարը Ռուսաստանի հավաքականն է, որը սկզբունքային մրցավեճում 3:1 հաշվով պարտության մատնեց ուկրաինացիներին և 8 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցը նույնպես անգլիացիներն էին: Այս մրցավեճում մեր աղջիկները հաղթեցին 3:1 հաշվով: Հաղթական միավորներ բերեցին Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր