Փարիզում այսօր կայանալիք ԵԽԽՎ նիստում հակահայկական զեկույցին որևէ մեկը լուրջ չի վերաբերվի. Դավիթ Բաբայան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրում է այսօր Փարիզում կայանալիք ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվելիք հակահայկական «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» անվանումով զեկույցի նախագծի մասին:
«ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իր կարծիքով, եթե անգամ փաստաթղթի հեղինակ, բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը այցելեր ԼՂՀ, ապա դրանից ոչինչ չէր փոխվի: «Այդ զեկույցը վաղուց պատրաստված է եղել, ընդամենը նա իր ստորագրությունն է դրել, այսպես կոչված, փաստաթղթի տակ: Այստեղ որևէ ուրիշ բան չկա, կամ մի՞թե Դուք կարծում եք, որ նա գար այստեղ, կարող է ինչ-որ փոփոխություն լիներ, ոչ, ընդհակառակը, կասեր՝ գնացել եմ, ու տեսեք՝ ապացուցում եմ, որ իրավիճակն այնպիսինն է, ինչպես գրված է զեկույցում»,- ասաց Բաբայանը:
Վերջինս նաև համոզված է, որ որևէ մեկն այդ զեկույցին լուրջ չի վերաբերվի, և այն «թաղվելու է արխիվի փոշու մեջ, ուրիշ որևէ ճակատագիր այդ զեկույցին չի սպասվում»», -գրել է թերթը: