211652_close_icon
views-count1887 դիտում article-date 22:42 30-10-2015

Պարզաբանում` galatv.am կայքում հրապարակված «Ընտրողների թիվն ու ցուցակների անճշտությունները. Լավագույն ավանդույթ» հոդվածում Ռուբեն Սարգսյանի հայտարարության վերաբերյալ

www.galatv.am կայքում հրապարակված «Ընտրողների թիվն ու ցուցակների անճշտությունները. Լավագույն ավանդույթ» հոդվածում Ռուբեն Սարգսյանի կողմից արվել է հայտարարություն, համաձայն որի՝ 1300 անձանց շրջանում կատարվել է հարցում: 339-ի դեպքում տվյալ բնակարանում գրանցված մարդիկ չեն ճանաչում տվյալ հասցեում գրանցված մարդկանց, ովքեր հայտնվել են ցուցակում: 28 տոկոսը նշել է, որ ընտրողը փոխել է գրանցման հասցեն, 23 տոկոսն ասել է՝ չեն ճանաչում, 3.8 տոկոսն ասել է, որ մահացել է ընտրողը, 5.9 տոկոսը՝ որ փոխել է իր քաղաքացիությունը ու չի համարվում ՀՀ քաղաքացի: Տարատեսակ մենակաբանությունները բացառելու նպատակով ոստիկանությունը կետ առ կետ պարզաբանում է: 1) 28 տոկոսը նշել է, որ ընտրողը փոխել է գրանցման հասցեն: ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» թիվ 1231-Ն որոշման համաձայն՝ ռեգիստրում անձի մշտական բնակության հասցեն փոխվում է բնակչի կողմից բնակության վայրը փոխելիս: Ընդ որում, նոր հասցեում հաշվառվելիս ռեգիստրում անձն ավտոմատ հանվում է նախկին հաշվառման հասցեից: Հիշյալ ընթացակարգով երաշխավորվում է ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի պահանջի կատարումը, համաձայն որի յուրաքանչյուր ընտրության դեպքում ընտրողը կարող է ընդգրկվել ընտրողների միայն մեկ ցուցակում և միայն մեկ անգամ: 2) 23 տոկոսն ասել է՝ չեն ճանաչում: Առանց սեփականատիրոջ համաձայնության նրա բնակելի տարածությունում այլ անձի հաշվառումը հնարավոր է միայն համայնքային ոստիկանության կողմից տվյալ հասցեում անձի փաստացի բնակության հանգամանքը պարզելու հիմքով (ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի թիվ 1231-Ն որոշման 2-րդ հավելվածի 20.1 կետ): Մնացած այլ դեպքերում անձի հաշվառումը հնարավոր է բացառապես սեփականատիրոջ համաձայնությամբ: Ոստիկանությունը բազմիցս պարզաբանել է, որ բնակելի տարածության սեփականության կամ օգտագործման իրավունք չունեցող անձը հաշվառումից կարող է հանվել բնակարանի սեփականատիրոջ դիմումի համաձայն: Ընդ որում, դիմումը պետք է ներկայացվի ոչ թե նախընտրական շտաբներին կամ կազմակերպություններին, այլ լիազոր մարմին` անձնագրային ծառայություն: 3) 3.8 տոկոսն ասել է, որ մահացել է ընտրողը: Անձը մահվան կապակցությամբ բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից հանվում է այն դեպքում, երբ սահմանված կարգով գրանցվել է մահը: Առավել ևս ներկայումս ՔԿԱԳ մարմնի և ՀՀ ոստիկանության միջև գործում է էլեկտրոնային կապ, համաձայն որի մահը գրանցած մարմինը տեղում՝ էլեկտրոնային եղանակով անմիջապես անձին հանում է ռեգիստրի հաշվառումից: Բացի այդ, ոստիկանությունը ընտրական գործընթացների շրջանակներում տանում է ակտիվ աշխատանքներ այն մահացած անձանց տվյալները հայտնաբերելու, պարզելու և հաստատելու ուղղությամբ, որոնց մահը սահմանված կարգով չի գրանցվել իրավասու մարմնում կամ մահացել է օտարերկյա պետությոնում և մահվան փաստի վերաբերյալ տեղեկատվությունը հասու չի եղել ՀՀ իրավասու մարմիններին: 4) 5.9 տոկոսը՝ որ փոխել է իր քաղաքացիությունը ու չի համարվում ՀՀ քաղաքացի: «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելը կամ այլ պետության քաղաքացիություն ընդունելն ինքնին չի հանգեցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելուն: Նույն օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ քաղաքացիությունը դադարեցվում է ՀՀ Նախագահի հրամանագրով: Հաճախ ՀՀ քաղաքացիները քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմում են ոչ թե սահմանված ընթացակարգով /օտարերկրյա պետությունում ՀՀ հյուպատոսական հիմնարկ կամ անձնագրային և վիզաների վարչություն/, այլ օտարերկյա պետությունների իրավասու մարմիններ՝ ներկայացնելով ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու մասին գրավոր հայտարարություն: Արդյունքում, այդ անձանց քաղաքացիությունը չի դադարեցվում, քանի որ, ինչպես արդեն նշվեց, դադարեցման միակ իրավական հիմքը ՀՀ Նախագահի հրամանագիրն է: Հիշեցնում ենք, որ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում հրապարակվել են ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները: Ցուցակները փակցված են հանրաքվեի տեղամասերում: Դրանք տեղադրվել են նաև ՀՀ ոստիկանության պաշտոնական www.police.am կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ: Տոկոսային, չփաստարկված վերլուծություններ անելու փոխարեն կոչ ենք անում ներկայացնել հիմնավոր տեղեկատվություն: ՀՀ ընտրական օրենսգրքով քվեարկության օրվանից 40 օր առաջ ցուցակները հրապարակելու իրավական ընթացակարգ նախատեսելը ինքնանպատակ չէ, այն կոչված է մինչև վերջական ցուցակները հրապարակելը ապահովելու ցուցակներում տեղ գտած անճշտությունների վերացումը:

Նմանատիպ նյութեր