211652_close_icon
views-count2042 դիտում article-date 19:00 23-10-2015

Տակառի հասարակության պայքարն ընդդեմ թթվի քարի

Թթուն ավանդական հայկական մթերք է՝ աղ դրած բանջարեղեն: Պատրաստվում է աշնանը: Դաշտում մնացած վարունգը, կաղամբը, գազարը և այլ բանջարեղենը դասավորում են տակառի կամ կարասի մեջ, աղաջուր լցնում ու մի ծանր-ողորկ քար դնում վրան: Այդ քարին ասում են թթվի քար, որը կարևոր դեր է խաղում թթվի պահպանման գործում: Եվ քանի որ ձմեռները գնալով ավելի անտանելի ծանր են դառնում, թթվի քարի նկատմամբ ձևավորվում է ոչ միանշանակ վեաբերմունք: Տակառում ապրողները թթվի քարի նկատմամբ հարգանքով են վերաբերվում, մի քանիսը՝ հեգնանքով, իսկ մեծ մասը անթաքույց աատելությամբ: Մի խոսքով՝ թթվի քարի նկատմամբ անտարբերության դրսևորումներ չկան: Եվ դա բնական է: Թթվի քարն ունի բարձր դիրք: Նա դրված է բոլոր բանջարեղենների վերևում, բոլորից բարձր, մի կեսն ընկղմված է աղաջրի մեջ, իսկ մյուս կեսն օդում է: Այդպիսով թթվի քարը կարող է լսել մարդկանց, և ցանկության դեպքում խոսել նրանց հետ (սակայն չի խոսում): Այս առումով թթվի քարը թթու բանջարեղենների ներկայացուցիչն է տակառից դուրս աշխարհում, այդ թվում՝ մարդկանց և շրջապատող իրերի մոտ: Թթվի քարն իր ամբողջ ծանրությամբ ճնշում է բանջարեղենին, ստիպում նրան չհակառակվել, չդիմադրել աղաջրին և հանգիստ թթվել: Նյուտոնի 3-րդ օրենքով թթու բանջարեղենները համարժեք ուժով հակազդում են թթվի քարին: Դա արտահայտվում է պղպջակների տեսքով, որոնք բաց են թողնում թթվելու ընթացքում, ինչպես նաև՝ թթվի ջրի մակարդակի բարձրացմամբ: Թթվի ջուրը բարձրանալով ծածկում է քարի ավելի մեծ մակերեսը: Բանջարեղենին թվում է, թե այդպիսով նա մոտենում է թթվի քարին, և դա ներկայացնում է որպես ձեռքբերում: Իսկ քարն այդ սկումը ներկայացնում է իբրև բանջարեղենին ընդառաջ քայլ՝ իբր մտնում է բանջարեղենի դրության մեջ, նրանց հոգսերով հետաքրքրվում է, պատրաստ է խոսել նրանց հետ: Թթվի քարի ճնշումն ամենածանրն ազդում է տակառի ստորին շերտի բանջարեղենի վրա, որովհետև նրան ճնշում է, ոչ միայն քարն, այլև իր վերևի շարքերում շարված բանջարեղենը: Սակայն ստորինները բարձր գիտակցություն ունեն, հասկանում են, որ ճնշումը գալիս է քարից: Այդ պատճառով տակառի ստորին շերտի բանջարեղենը ատում է քարին, իր բոլոր դժբախտությունների մեջ մեղադրում է նրան, չնայած որ երբեք թթվի քար չի տեսել: Նրանց տրտունջները շահարկող վերին շերտերի բանջարեղենները պարբերաբար բարձրացնում են քարից ազատվելու հարցը, միաժամանակ հիմնավոր փաստարկներ են բերում, որ առանց քարի բանջարեղենը չի կարող պահպանվել, կփչանա, քարի գոյությունն անհրաժեշտ է, պարզապես այս քարը պետք է փոխել մեկ այլով, բանջարեղենի հոգսերով իրապես հետաքրքրվող, ծանր, բայց արդար քարով, իսկ դրա համար պետք է մնալ տակառի մեջ ու պայքարել: Ժամանակի ընթացքում բանջարեղենը պակասում է: Սկզբում տակառը լքում են վերին շերտերում դրվածները: Նրանց մի մասը վերադառնում է տակառ, հետո անվերադարձ հեռանում: Իսկ մի օր, երբ թթուն այնքան է պակասում, որ թթվի քարի կարիքն էլ չի զգացվում, թթվի քարին հեռացնում են թթվի վրայից, լվանում և պահում մի անկյունում: [b]Թաթուլ Մկրտչյան [/b]

Նմանատիպ նյութեր