Դեսպան Չարչօղլյանը հանդիպում է ունեցել Քուվեյթի արդարադատության նախարարի հետ
Հոկտեմբերի 20-ին Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հանդիպեց Քուվեյթի Պետության արդարադատության, վակֆերի և իսլամական հարցերի նախարար Յակուբ Աբդել Մոհսեն Ալ-Սանեհի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին արդարադատության բնագավառում երկու երկրների միջև համագործակցության ծավալման և ընդլայնման հեռանկարները:
Զրուցակիցներն անդրադարձան երկու երկրների կառավարությունների միջև քրեական հարցերում իրավական փոխօգնության վերաբերյալ պայմանագրի անհրաժեշտությանը: Այս համատեքստում նախարարը պատրաստակամություն հայտնեց հայկական կողմի հետ ստորագրել սույն փաստաթուղթը փոխայցելություններից մեկի ժամանակ` նշելով, որ հրավերի առկայության պարագայում պատրաստ է այցելել Հայաստան` փոխգործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու նպատակով:
Կողմերն անդրադարձան նաև Քուվեյթում Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող իրավական հարցերին, եկեղեցու նոր շենքի համար հողահատկացման և դրա կառուցման հնարավորություններին:
Նախարար Ալ-Սանեհի խնդրանքով դեսպան Չարչօղլյանն անդրադարձավ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին` ներկայացնելով Հայաստանի և միջազգային հանրության համատեղ ջանքերը` ուղղված խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: