211652_close_icon
views-count1492 դիտում article-date 17:45 16-10-2015

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված երկրների դեսպաններին և դիվանագիտական ներկայացուցչությունների այլ պաշտոնյաների: Հանդիպմանը ներկայացվել է այս տարեվերջին Փարիզում` պետությունների ղեկավարների մակարդակով կայանալիք Կլիմայական փոփոխություններին նվիրված համաժողովին ընդառաջ Հայաստանի Հանրապետության ընդունած «ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողություն¬ները/ներդրումը» հայեցակարգային փաստաթուղթը: Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը, Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերը, Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլուն. ԵՄ պատվիրակության միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Ջոն Բարկերը և ՌԴ, ԱՄՆ, Ճապոնիայի, Իրանի, Հնադկաստանի, Ռումինիայի, Լիտվայի դիվանագիտական ներկայացուցչությունների պաշտոնյաներ: ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրգորյանն իր ողջույնի խոսքում տեղեկացրել է, որ «ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողություն¬ները/ներդրումը» հայեցակարգային փաստաթուղթն արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը և սահմանված կարգով սեպտեմբերի 28-ին ներկայացվել կոնվենցիայի քարտուղարություն: Փաստաթղթի ձևավորմանը մասնակցել են տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, կազմակերպվել են քննարկումներ և իրազեկման հանդիպումներ: Հայաստանյան գործողությունների իրականացման ընթացքում ես ակնկալում եմ սերտ երկկողմանի և բազմակողմանի համագործակցություն ձեր երկրների և միջազգային կառույցների հետ և հուսով եմ, որ ինչպես Փարիզում կայանալիք Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Կողմ երկրների համաժողովում, այնպես էլ գործողությունների իրականացման ընթացքում միասնական ջանքերը կտան իրենց ցանկալի արդյունքը»: «ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ներքո ՀՀ «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունները/ ներդրումը» փաստաթղթի հիմնական դրույթները ներկայացրել է ՀՀ բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչության կլիմայի փոփոխության և մթնոլորտային օդի պահպանության քաղաքականության բաժնի պետ Ասյա Մուրադյանը: Ծավալվել է շահագրգիռ քննարկում, որի ժամանակ ներկաները մտքեր են փոխանակել գլոբալ կլիմայական փոփոխությունների և դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումների շուրջ: Դեսպաններին ներկայացվել է, որ Հայաստանի Հանրապետությունը ձգտելու 2050 թվականին հասնել էկոհամակարգային մոտեցման տեսակետից ջերմոցային գազերի չեզոք արտանետումներին, ինչի համար ակնկալվում է միջազգային ֆինանսական, տեխնոլոգիական օժանդակությունն ու կարողությունների ամրապնդման նպատակով աջակցություն: ԵՄ պատվիրակության միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Ջոն Բարկերը, բարձր գնահատելով կատարված աշխատանքը, նկատել է, որ Հայաստանն առաջատար երկրներից է փարիզյան հանդիպմանը պատրաստ լինելու և «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողություն-ները/ներդրումը» հայեցակարգային փաստաթղթով ստանձնած հանձնառությունների կատարման առումով: ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ներկաներին շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և համոզմունք հայտնել, որ միջազգային հանրության հետ արդյունավետ փոխգործակցությունն էլ ավելի մեծ ծավալներ կստանա` հատկապես այնպիսի հիմնախնդրի լուծման հարցում, ինչպիսին է գլոբալ կլիմայական փոփոխությունների մեղմումը:

Նմանատիպ նյութեր