801 դիտում
20:09 15-10-2015
ԱԳ նախարարը մասնակցեց ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին
Հոկտեմբերի 15-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Աստանայում կայացած ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստին:
ԱՊՀ մասնակից երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին ու հավանություն տվեցին ԱՊՀ շրջանակներում համագործակցության տարբեր ոլորտներին վերաբերող շուրջ երկու տասնյակից ավել փաստաթղթերի նախագծերի:
Նիստի ընթացքում համաձայնեցվեցին նաև ԱՊՀ մասնակից պետությունների իրավապահ, քննչական, արտակարգ իրավիճակների, անչափահասների իրավունքների պաշտպանության, մշակութային և կրթական բնագավառներում փոխգործակցությանն առնչվող մի շարք փաստաթղթեր:
ԱՊՀ երկրների արտգործնախարարները հավանության արժանացրին Չերնոբիլի ողբերգության 30-րդ տարելիցի կապակցությամբ ԱՊՀ պետությունների ղեկավարների ուղերձի նախագիծը։
Արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին ԱՊՀ գործունեության օրակարգային հարցեր։
Ելույթ ունենալով ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին՝ նախարար Նալբանդյանը անդրադարձավ Միավորված ազգերի կազմակերպության ստեղծման 70-րդ տարեդարձի կապակցությամբ ԱՊՀ պետությունների ղեկավարների հայտարարության նախագծին։ Նա կարևորեց ՄԱԿ-ի առաջնորդող դերը աշխարհում խաղաղության և անվտանգության պահպանման գործում։ Էդվարդ Նալբանդյանի խոսքերով՝ ԱՊՀ մասնակից երկրների ղեկավարների կողմից հայտարարության ընդունումը վկայում է ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և սկզբունքներին հավատարմության մասին։ «Կարծում ենք, որ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների ուղղակի կամ անուղղակի խախտումը, դրանց սելեկտիվ կիրառումը, միակողմանի պատժամիջոցները, այդ թվում` շրջափակումը, այլ երկրների հաշվին սեփական անվտանգության ամրապնդումը, անընդունելի են»,- ընդգծեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
ԱԳՆ ղեկավարը խոսեց նաև ահաբեկչական խմբավորումների դեմ համակարգված պայքարի անհրաժեշտության մասին. «Առաջնային խնդիր է այսպես կոչված «օտարերկրյա ահաբեկիչ-գրոհայինների» երևույթի կանխարգելման նպատակով համատեղ աշխատանքը»։
Նմանատիպ նյութեր
3795 դիտում
17:58 17-07-2017
Հայաստանի ԱԳ նախարարը մասնակցեց ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին
802 դիտում
17:34 09-10-2014
Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին
Այս բաժնից
1003 դիտում
20:14 18-01-2025
Վիտալի Բալասանյանը հրապարակել է 2024 թվականի նոյեմբերին Պուտինին, Ալիևին ու Փաշինյանին ուղարկած իր նամակը
793 դիտում
18:57 18-01-2025
Բաքուն պետք է ապահովի Ռուբեն Վարդանյանի արդար դատավարnւթյան իրավունքները. Amnesty International