1188 դիտում
21:51 15-10-2015
Ականավոր հայագետ Հակոբ Սիրունուն նվիրված միջազգային գիտաժողով Ռումինական Ակադեմիայում
Հոկտեմբերի 15-ին Ռումինական Ակադեմիայում անցկացվեց միջազգային գիտաժողով` նվիրված ռումինահայ ականավոր պատմաբան և հայագետ, ակադեմիկոս Հակոբ Սիրունու ծննդյան 125-ամյակին (1890-1973): Գիտաժողովին մասնակցում էին հետազոտողներ Ռումինիայից, Հայաստանից, Ֆրանսիայից և Թուրքիայից:
Գիտաժողովը կազմակերպվել էր Ռումինական Ակադեմիայի, Բուխարեստի Հարավարևելյան Եվրոպայի ուսումնասիրությունների ինստիտուտի, Ռումինայում ՀՀ դեսպանության, Ռումինահայոց միության և թեմի, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի, Երևանի Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանի, ինչպես նաև ՀՀ մշակույթի և արտաքին գործերի նախարարությունների համատեղ ջանքերով:
Բացման խոսքերով հանդես եկան ակադեմիկոս Դան Բերինդեյը, Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինիայի Հայոց միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև Եպս. Հակոբյանը, Հարավարրելյան Եվրոպայի ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Շերբան Տանաշոկան և Կլուժի Հայագիտության ինստիտուտի տնօրեն Լուչիան Նաստասե-Կովաչը:
«Հակոբ Սիրունու գործն ավելի ընդարձակ է, քան նրա ապրած երկրները: Նա իր կյանքի առաջին 32 տարին անցկացրել է Կ.Պոլսի հայկական միջավայրում՝ երիտասարդ հասակից դառնալով առաջընթացի և փոփոխությունների մարտիկ: Նիկոլաե Յորգայի հովանավորության շնորհիվ հաստատվելով Ռումինիայում` նա իր կյանքի մնացած մասն ապրել է այստեղ՝ տասը տարի անցկացնելով Սիբիրյան գուլագներում, որից մի կարճ շրջան` Խորհրդային Հայաստանում: Այս բացառիկ ճակատագիրը նրան թույլ է տվել կուտակել ընդարձակ գիտելիքների, մշակութային և հոգևոր արժեքների վիթխարի պաշար, որ նա նյութականացրել է իր բազմալեզու և բազմաբովանդակ ուսումնասիրություններում»,- իր խոսքի մեջ նշեց դեսպան Գասպարյանը:
20-րդ դարասկզբի Օսմանյան կայսրության հոգևարքի, հայ մտավորականության վերացման և Հակոբ Սիրունու կյանքի ու գործունեության տարբեր շրջանների, հայագիտության և արևելագիտության զարգացման մեջ նրա մեծ վաստակի, հայ մշակույթի ուսումնասիրման ու տարածման գործում նրա ներդրման մասին գիտական զեկուցումներով հանդես եկան Փարիզ VIII համալսարանի պրոֆ. Ռեյմոն (Հարություն) Գևորգյանը, Ստամբուլի Բիլգի համալսարանի պրոֆ. Այհան Աքթարը, ակադ. Անդրեյ Պիպիդին, դոկտ. Անդրեյ Տիմոտինը, ռումինահայ գրող-հրապարակախոս Պետրոս Խորասանջյանը, ԵՊՀ Հայ արվեստի պատմության ամբիոնի վարիչ դոկտ. Լևոն Չուքասզյանը, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Կարինե Ավետյանը և Պիտեշտի Հայոց եկեղեցու հոգևոր հովիվ Հեթում քհն. Թարվերդյանը:
Գիտաժողովին զուգահեռ Ռումինական Ակադեմիայի սրահներում բացվել էր Հակոբ Սիրունու մասին լուսանկարների, գրքերի և արխիվային փաստաթղթերի ցուցահանդես: Ռումինահայ «Ararat» հանդեսը տպագրել էր Սիրունուն նվիրված հավելված:
Հաշվի առնելով մեծ գիտնականի ներդնումը հայագիտության մեջ` հոկտեմբերի 14-ին «Հայփոստը» թողարկել է Հակոբ Սիրունու ծննդյան 125-ամյակը թեմայով նամականիշով բացիկ:
Ռումինական Ակադեմիան իր հերթին դեռևս 2012թ. Հակոբ Սիրունուն շնորհել էր Ակադեմիայի հետմահու անդամի կոչում` նրա ողջ գործունեության և ռումինական ու հայկական մշակույթին ու պատմությանը մատուցած ծառայությունների համար:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1015 դիտում
20:14 18-01-2025
Վիտալի Բալասանյանը հրապարակել է 2024 թվականի նոյեմբերին Պուտինին, Ալիևին ու Փաշինյանին ուղարկած իր նամակը
802 դիտում
18:57 18-01-2025
Բաքուն պետք է ապահովի Ռուբեն Վարդանյանի արդար դատավարnւթյան իրավունքները. Amnesty International