Սիրիական բանակը ռուսական ուժի օգնությամբ մեծամասշտաբ գրոհ է սկսել
Սիրիայի կառավարական ուժերը սկսել են մեծամասշտաբ գրոհներ ձեռնարկել Հոմսից դեպի հյուսիս ընկած հատվածում, հաղորդում է Reuters-ը:
Ցամաքային գործողություններին աջակցում են Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերը: Այդ մասին հաղորդել են Սիրիայի պետական հեռուստատեսությունը և Լոնդոնում տեղակայված Սիրիայի մարդու իրավունքների մոնիթորինգային կենտրոնը:
Ռուսական ավիացիան հաջողությամբ հարվածներ է հասցրել Թեփլ-Բիսա քաղաքի և Թաիր Մալլա, Դար Քաբիրա և Խալիդիա գյուղերի մերձակայքում տեղակայված ահաբեկիչների դիրքերին:
Ցամաքային գործողություններին մասնակցում են նաև «Հըզբոլլահ» շարժման գրոհայինները, ովքեր կռվում են սիրիական բանակի կողքին:
Սիրիական բանակի նպատակը Համա, Իդլիբ և Լաթաքիա նահանգներում ապստամբներից տարածքներ հետ խլելն է: Բացի այդ, բանակը պատրաստվում է գրոհ ձեռնարկել Հալեպ նահանգում, որոնց կմիանա Իրանից ժամանած մի քանի հազար զինվորական և «Հըզբոլլահ»-ի զինյալ: