3399 դիտում
19:00 09-10-2015
«Տոկոսի տակ» համաճարակը նոր զոհեր է պահանջում
Տոկոսի տակ մտնում են մեծ մասամբ գործարարները, ձեռներեցները՝ նոր նախաձեռնություններ իրագործելու համար: Ռիսկային վարկեր են վերցնում նաև ցածր եկամուտներ ունեցողները, ուսանողները, աշխատավարձով աշխատողները՝ ընտանեկան կամ անձնական խիստ անհրաժեշտ ու հրատապ խնդիրները լուծելու համար: Տոկոսի տակ մտնում են նաև գործազուրկները, ծույլերն ու արկածախնդիրները, որոնք կորցրել են հարազատների և ընկերների վստահությունը, և նրանց ոչ ոք պարտքով գումար չի տալիս: Մի խոսքով՝ վարկ վերցնում են գրեթե բոլորը, որոնք այս կամ այն պատճառով գումարի կարիք ունեն:
Այս պայմաններում վարկային կազմակերպությունները, բանկերը և վաշխառուները օգնության ձեռք են մեկնում գումարի կարիք ունեցողին: Սակայն դա վերապահումով կարելի է օգնություն համարել: Պարտապանը ժամանակի ընթացքում ֆինանսական ծանր վիճակի մեջ է ընկնում, որովհետև վարկատուն օգտագործելով վարկառուի հուսահատ վիճակը, առաջարկում է վարկ բարձր տոկոսներով: Եվ մարդն իրավիճակից դուրս գալու համար վարկ է վերցնում՝ չնայելով բարձր տոկոսներին:
Որոշ հոգեբաններ կարծում են, թե տոկոսի տակ մտնելը հոգեկան հիվանդություն է: Մարդն առաջին անգամ վախենալով է վարկ վերցնում: Ժամանակի ընթացքում տոկոս վճարելը դառնում է սովորական, սակայն վախը չի անցնում: Մարդը սովորում է իր եկամտի մի մասով փակել տոկոսները: Իսկ երբ դժվարանում է փակել, ապա ավելի մեծ վարկ է վերցնում և ընկնում իր իրական եկամուտները գերազանցող տոկոսների տակ ու ավելի մեծ վախերի մեջ: Սակայն հաջողության հասնելու հույսն ու աշխատասիրությունը նրան մղում են նոր վարկ վերցնելու և նոր տոկոսի տակ մտնելու գայթակղությանը: Սա է «Տոկոսի տակ»-ի ախտաբանությունը:
Սակայն սոցիալ-տնտեսական ճգնաժամի, գնաճի, գնողունակության անկման, շրջափակման, շուկաների փակման, մենաշնորհների, կոռուպցիայի, գործազրկության աճի և զանգվածային դեպրեսիայի պայմաններում վարկ վերցնելը ռիսկային է և հղի է աղետալի հետևանքներով: Տոկոսի տակ մնացածները կորցնում են գործը, գույքը, սեփականությունը, ինչպես նաև բարի անունն ու պատիվը: Վերջինի կորուստը կամ կորստի վտանգը ոմանց դրդում է ծայրահեղ քայլի՝ ինքնասպանության: Այս ժամանակ «Տոկոսի տակ» հիվանդությունը մտնում է մահացու փուլ: Այս փուլում հիվանդը վարկն այլևս չի կարողանում ծառայեցնել գործին, բարեկեցության աճին, չի մտածում բարիք ստեղծելու, տնտեսությունը զարգացնելու, այլ տոկոսի տակից ինչ-որ կերպ դուրս գալու մասին, որպեսզի գոնե անունն ու պատիվը փրկի: Երբ վարկը ծառայում է միայն վարկառուի սոցիալական վիճակը, բարի անունը փրկելուն, ահա այդ ժամանակ «Տոկոսի տակ»-ը դառնում է սոցիալական հիվանդություն: Իսկ երբ հասարակության մեծ մասն է մնում տոկոսի տակ, ապա հիվանդությունը դառնում է սոցիալական համաճարակ: Այն խժռում է մարդկանց խնայողությունները, սեփականությունը, ստեղծագործ մտքերը, հասցնում նրանց հուսահատության, մղում մահացու մեղքի կամ հայրենիքից փախուստի: Մի խոսքով՝ «Տոկոսի տակ» համաճարակը ամայացնում է երկիրը, ինչպես ժանտախտը:
[b]Թաթուլ Մկրտչյան
[/b]
Նմանատիպ նյութեր
1798 դիտում
14:21 30-03-2023
56 տոկոսի համար ԱՊՊԱ-ի գները կնվազեն, 21 տոկոսի համար գրեթե չեն փոխվի, 23 տոկոսի համար կթանկանան. ԿԲ նախագահ
1063 դիտում
23:26 15-08-2024
Կապիկի ծաղկի նոր համաճարակը ախտnրnշվել է Աֆրիկյան մայրցամաքի սահմաններից դուրս
Այս բաժնից
568 դիտում
12:36 15-11-2024
Հարցվածների 62%-ը գոհ է ոստիկանության աշխատանքից, ջանք ենք գործադրում, որ վստահությունը բարձրանա. ՆԳ նախարար
1165 դիտում
12:23 15-11-2024
911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. քաղաքացին կանչ կիրականացնի 112 հեռախոսահամարով
574 դիտում
11:48 15-11-2024
ՄԻՊ-ը փոխում է շենքը՝ տեղափոխվում է Մոսկովյան 5 հասցե