211652_close_icon
views-count2668 դիտում article-date 10:26 08-10-2015

Էջմիածինը այսօր դարձավ 2700 տարեկան

Էջմիածինը դարձավ 2700 տարեկան։ Այս տարի նրա տոնը նշվելու է 7-րդ անգամ: Այն առաջին անգամ նշվել է 2008 թվականին։ 405 թվականին, երբ հայ գրերի գյուտն արած Մեսրոպ Մաշտոցը վերադառնում էր հայրենիք, նրան Էջմիածնում դիմավորեց ժողովուրդը՝ Վռամշապուհ արքայի եւ Սահակ Պարթեւ կաթողիկոսի գլխավորությամբ, եւ 3 օր ժողովրդական տոնախմբություն էր։ Խորհուրդը պահպանվել է. այսօր եւս Էջմիածնում տոնական միջոցառումները շարունակվում են 3 օր, բայց բարձրակետը լինում է հոկտեմբերի 8-ին՝ բուն տոնի օրը, այն օրը, երբ տառերը հասան Էջմիածին։ Հոկտեմբերի 8-ը մի քանի այլ նշանակություն եւս ունի։ Նախ՝ 8 թվանշանն ինքնին հավերժության նշան է։ 1869 թ. հոկտեմբերի 8-ին է ծնվել նաեւ մեծն Կոմիտասը, եթե նրա ծննդյան օրը ճիշտ տոմարով հաշվարկենք։ Նաեւ՝ մի քանի ազգային-եկեղեցական իրադարձություններ են եղել հոկտեմբերի 8-ին. Վազգեն առաջին վեհափառի օրոք առաջին մյուռոնեփությունը հոկտեմբերի 8-ին է եղել եւ այդպես շարունակ։ Խոսելով տոնական միջոցառումների բյուջեից՝ Էջմիածնի քաղաքապետրանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին փոխանցեցին, որ միջոցառումները բազմազան են եւ բազմապիսի։ Անցկացվելու է տոնական շքերթ, որին կմասնակցեն քաղաքի բոլոր շերտերը՝ Հայրենական պատերազմի վետերաններ, Արցախյան պատերազմի մասնակից երկրապահներ, մտավորականներ, մարզիկներ, մշակույթի գործիչներ, կրթական հաստատությունների կոլեկտիվներ եւ սովորողներ, հոգեւոր դասը՝ ներառյալ Գեւորգյան ճեմարանի սաները եւ ամբողջ քաղաքը։ Շքերթն ուղեկցվելու է բեմական ներկայացմամբ եւ ամեն տարի նորացվող պարային ֆլեշ-մոբով։ Այս տարվա շքերթը հատկապես գեղեցիկ ու հետաքրքիր է լինելու՝ ներկա գտնվողներին խոստանալով գեղագիտական հաճույք։ Պարտադիր բաղադրիչներից է լինելու նաեւ տոնական համերգը՝ հայ բեմարվեստի ճանաչված վարպետների եւ Էջմիածնի Մշակույթի տան խմբերի մասնակցությամբ։ Քաղաքի 2700-ամյակի կապակցությամբ նոր երգ է ստեղծվել։ Խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է, ով, ինչպես քաղաքի օրհներգի դեպքում էր, այս անգամ էլ նվեր է արել Էջմիածնին։ Երաժշտությունը հեղինակել է Մանե Հակոբյանը, երգը կատարում է Սիլվա Հակոբյանը։ Տոնական համերգի ժամանակ Ավետ Բարսեղյանը կներկայացնի իր նվերը, իսկ Սիլվա Հակոբյանը երգը կհանձնի էջմիածինցիների դատին։ Համերգը կուղեկցվի գունեղ հրավառությամբ։ Ընդհանուր առմամբ, միջոցառումները տարատեսակ են՝ արհեստագործական տաղավարներ, մարզական, մշակութային միջոցառումներ, նախորդող օրերին համերգներ Էջմիածնի արվարձաններում։ Անչափ կարեւորվում է կատարված աշխատանքը, որ նվերի տեսքով հանձնվելու է էջմիածնեցուն՝ ասֆալտապատված փողոցներ, Վազգեն Սարգսյանի անվան հրապարակի եւ հրապարակում արձանի բացում, հիմնանորոգված երաժշտական դպրոցի բացում, հիմնանորոգված մանկապարտեզի, հիմնանորոգված ՔԿԱԳՎ շենքի բացում, որ ծիսական արարողությամբ կուղեկցվի եւ այլն։ Ի դեպ, հիմնական ծախսերն արվել են կոնկրետ այս աշխատանքների համար, մնացյալը՝ լուսային, տեխնիկական էֆեկտներ եւ այլն, արվում են նվազագույն ծախսերով՝ առյուծի բաժինը նվեր է արտիստների, պրոդյուսերական ընկերությունների եւ այլնի կողմից, երգիչներին ընդհանրապես գումար չի տրվելու. համերգին մասնակցում են բացառապես նրանք, ովքեր իրենց կատարումները նվերի տեսքով մատուցում են հայության հոգեւոր մայրաքաղաքի 2 700-ամյակին։ Մնացյալ ծախսերն էլ հիմնականում նվիրատվություններով են արվում՝ էջմիածինցի գործարարների նվիրատվություններով։ Քաղաքապետարանի աշխատակիցներն, օրինակ, յուրաքանչյուրն իր չափով, բացի Էջմիածնին ծառայելուց, բացի տոնական միջոցառումները կազմակերպելուց, նաեւ ֆինանսական ներդրում են ունեցել։ Բնական է, որ ամենամեծ ֆինանսական ներդրումը քաղաքապետն է արել։ Եւս մեկ կարեւոր իրադարձություն էլ է տեղի ունենալու քաղաքի տոնի շրջանակներում՝ նոր մարզադպրոցի հիմնարկեք։ Պետբյուջեի ֆինանսավորմամբ Էջմիածնում նոր մարզադպրոց է կառուցվելու։

Նմանատիպ նյութեր