211652_close_icon
views-count1122 դիտում article-date 21:21 07-10-2015

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Կոմիտաս» պատկերագրքի շնորհանդեսին

Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել հայ ազգային դասական երաժշտական դպրոցի հիմնադիր, մեծ երգահան Կոմիտաս վարդապետին նվիրված պատկերագրքի շնորհանդեսը։ Մինչ միջոցառման մեկնարկը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի և հյուրերի հետ միասին այցելել է Կոմիտասի անվան պանթեոն, ծաղիկներ խոնարհել Վարդապետի շիրիմին: Երևանի քաղաքապետարանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի նախաձեռնությամբ տպագրված Ղազար Միրզոյանի և Անահիտ Մխիթարյանի հեղինակած «Կոմիտաս» պատկերագրքի առաջին հատվածում տեղ են գտել դասական նկարիչների ստեղծագործություններ և ժամանակակից այն նկարիչների ստեղծագործությունները, որոնք ցուցադրվել են Կոմիտասին նվիրված ցուցահանդես-նվիրատվությանը։ Գրքի երկրորդ մասում զետեղված է Կոմիտասի կենսագրությունը՝ 1869թ. սեպտեմբերի 26-ից մինչև 1914 թվականը ներառյալ։ Կենսագրական տվյալները համալրված են լուսանկարներով։ Պատկերագրքում զետեղված են նաև Կոմիտասին նվիրված գիտական աշխատություններ, հոդվածներ, հուշագրություններ, գեղարվեստական երկերի ցանկ՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն։ Ընդգծելով նախաձեռնության կարևորությունն ու անհրաժեշտությունը` Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը համոզմունք է հայտնել, որ «Կոմիտաս» պատկերագիրքը հրաշալի նվեր կլինի մշակութասեր հասարկության համար: «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպչական աշխատանքները համակարգող քաղաքապետարանի համապատասխան հանձնաժողովի կողմից իրականցվել և իրականցվում են բազմապիսի, բազմաբնույթ, բովանդակային առումով ամենատարբեր միջոցառումներ և այդ ցանկը եկել է այսօր լրացնելու այս նախաձեռնությունը: Հայ իրականության մեջ առաջին անգամ է տպագրվում այսպիսի ալբոմ, ուր ամփոփվում են թե՛ Մայր Աթոռի, թե՛ Վենետիկի, թե՛ Մխիթարյանների և թե՛ Կիլիկիո վեհարանում առկա բազմաթիվ նկարիչների ստեղծագործությունները: Շատ կարևոր նախաձեռնություն էր, և վստահ եմ, որ այն մեր մշակութասեր հասարակության համար հրաշալի նվեր կլինի ու, ընդհանրապես, ևս մեկ գեղեցիկ անդրադարձ Կոմիտաս վարդապետին, ևս մեկ հաջող նախաձեռնություն 100-րդ տարելիցին նվիրված»,- ընդգծել է Արամ Սուքիասյանը: Շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին և պատկերագրքի ստեղծման բոլոր աջակիցներին՝ նախաձեռնության հեղինակները նշել են, որ մեծ սիրով ու պատասխանատվությամբ են գաղափարը կյանքի կոչել: Կոմիտասյան շնչով լեցուն միջոցառման շրջանակում հնչել են Կոմիտաս վարդապետի հոգևոր և ազգային ստեղծագործությունները:

Նմանատիպ նյութեր