211652_close_icon
views-count1910 դիտում article-date 15:06 04-10-2015

Վազքի կիսամարաթոն`«Էրեբունի-Երևան 2797» -ի երթուղին սկսվեց Շահումյանի անվան հրապարակից

«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության միջոցառումների շրջանակում Երևանում առաջին անգամ անցկացվեց վազքի միջազգային կիսամարաթոն: Կիսամարաթոնը կազմակերպել էր Երևանի քաղաքապետարանը՝ «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի, «Օրանժ ֆիթնես» պրեմիում ակումբի, «Austrian Airlines»-ի հետ համատեղ, ինչպես նաև ՀՀ Կենտրոնական բանկի, որը հանդես է եկել «Առողջ ապրելակերպ, առողջ ֆինանսներ» կարգախոսով, Publicis Արմենիայի, «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա», «Բերրի» և մի շարք այլ ընկերությունների ու Հայաստանի վազքի ակումբների աջակցությամբ։ Կիսամարաթոնի գլխավոր հովանավորն էր «Օրանժ ֆիթնես» պրեմիում ակումբը: Մասնակիցների երթուղին սկսվել է Շահումյանի անվան հրապարակից, այնուհետ Հանրապետության հրապարակ - Նալբանդյան փողոց - Վարդանանց փողոց - Ալեք Մանուկյան փողոց - Իսահակյան փողոց - Սարյան փողոց - Հրազդանի ձոր - Հաղթանակի կամուրջ - Հանրապետության հրապարակ և վերջնագիծը՝ նույնպես Շահումյան հրապարակ: Կիսամարաթոնի անցկացման նպատակը Հայաստանում միջազգային խոշոր ամենամյա վազքի մարաթոնի ստեղծելն էր, ինչպես նաև երկար մրցատարածության վազքի զարգացումն ու առողջ ապրելակերպը խթանելն ու աշխարհի տարբեր երկրներից դեպի Հայաստան մարզական տուրիզմի հոսքն ուղղորդելը: Կիսամարաթոնի նպատակը նաև սփյուռքահայ սիրողական վազորդների և այլ մարզիկների համար Հայաստանը գրավիչ դարձնելն ու նրանց կապը հայրենիքի հետ ամրապնդելն է: Տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչներ ուժերն են չափել 4 տարբեր մրցատարածություններում. 21.1 կմ, 10 կմ, 2.1 կմ և 1 կմ (մանկական):Վազքուղին հավաստագրված է եղել AIMS (Մարաթոնների միջազգային կազմակերպության) կողմից: Կիսամարաթոնի դրամական պարգևների ֆոնդի համապատասխան՝ 21 կմ մրցավազքի համար առաջին երեք տեղը զբաղեցրած կանայք և տղամարդիկ պարգևատրվել են, համապատասխանաբար, 1.000.000, 750.000 և 500.000 ՀՀ դրամով: 10կմ վազքատարածության կանանց և տղամարդկանց առաջին երեք տեղեր զբաղեցրած մասնակիցները պարգևատրվել են 200.000, 150.000 և 100.000 ՀՀ դրամով: 21 կմ մրցավազքում տարիքային խմբերի հաղթողները, ինչպես նաև 2 և 1 կմ մանկական վազքարշավների հաղթողները կիսամարաթոնի հովանավորների կողմից ստացել են արժեքավոր նվերներ։ Մրցատարածությունների բոլոր մասնակիցները, անկախ ցուցաբերած արդյունքից, ստացել են շապիկներ և մեդալներ։ Նշենք, որ մեդալները պատրաստված էին Հարավային Աֆրիկայի Metal Badge գործարանում, որը հայտնի է աշխարհի ամենահեղինակավոր մարաթոնների մեդալների պատրաստմամբ: Բացի անհատական մրցանակներից՝ սահմանվել էր նաև թիմային երեք մրցանակ` Ամենամեծ մասնակից թիմի, ամենաարագավազ թիմի և ամենալավ աջակցողներն ունեցող թիմի համար: Մասնակցության հայտ ներկայացնողների թվում էին Երևանի քաղաքապետարանը, Կենտրոնական բանկը, Միավորված ազգերի կազմակերպության Մանկական հիմնադրամը (UNICEF), «Էրնսթ Ընդ Յանգ» ընկերությունը, «Ամերիաբանկ» ընկերությունը, UWC Հայաստանը, «Այբ» դպրոցը, Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ), Ռուս-Հայկական (Սլավոնական) Համալսարանը, ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Օրանժ ֆիթնես» և Incourt թենիսի ակումբները, «Բժիշկներ առանց սահմանների» ֆրանսիական առաքելությունը (Medecins Sans Frontieres - Armenia), ԿՀՄԻ բժշկա-ախտորոշիչ կենտրոնը, Հերբալայֆ  Ինթերնեշնլ Ինկ-ը, I love running ճիշտ վազքի դպրոցը, Հայաստանի վազողների ակումբը, ինչպես նաև 1000-ից ավելի հայաստանցի և արտասահմանյան սիրողական և պրոֆեսիոնալ վազորդներ և մշակութային գործիչներ: Երևանի կիսամարաթոնը ուներ նաև բարեգործական բաղադրիչ: Վազքին մասնակցել են «Սատար» ՀԿ-ից 30 հաշմանդամ վազորդներ, որոնք մրցել են 2 կմ վազքատարածությունում: Բացի այդ, 3 բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ («Հայ մայրեր», «One Armenia», «Teacher of Armenia») վազել են իրենց թիմերով՝ վազքի միջոցով տեղեկացնելով իրենց ծրագրերին: Բարեգործական նպատակներով վազող բոլոր վազորդները մասնակցել են անվճար։ Մասնակիցների համար մշակվել էր միջոցառումների ծրագիր, որը սկսվել է վազքի նախորդ օրը և շարունակվել հոկտեմբերի 4-ին։ Ինչպես մեկնարկի հատվածում, այնպես էլ կիսամարաթոնի ամբողջ վազքուղում վազորդներին ուղեկցել են երաժշտությունն ու աջակիցների թիմերը։ Մասնակիցները շնորհակալություն են հայտնել բոլոր կազմակերպիչներին և հովանավորներին, իսկ վազորդ հյուրերը նաև իրենց տպավորությունն ու հիացմունքը՝ ինչպես Երևանում գտնվելու օրերի, ինչպես նաև վազքի ընթացքում երևանցիների ջերմ վերաբերմունքի ու մայրաքաղաքի գեղեցկության վերաբերյալ: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր