7741 դիտում
19:00 29-09-2015
Ինչո՞ւ խեղդվեց իշխանադուստրը, իսկ իշխանորդիները դարձան ցեց
Երբ սիրում ես, կարող ես հավատալ: Երբ հավատում ես, կարող ես հասկանալ: Եթե չես սիրում, չես էլ հավատա, առավել ևս՝ չես էլ հասկանա: Եթե չես սիրում քեզ սիրողին, հայտնաբերում ես քո մեջ տականքը: Երբ սիրում ես, դառնում ես ազատ: Ազատությունը սիրելու իրավունքն է, այլ ոչ թե ուրիշին չխանգարելու պատասխանատվությունը: Ազատության համար մարդու մղած պայքարը սիրելու իրավունքի համար պայքարն է: Ընտրություն կատարելիս իրավունք ունենք առաջնորդվել հուզական բնությամբ, ասել է թե՝ սիրով՝ առ ընտրության առարկան: Իսկ ընդհանրապես սերը հիմնավորում չի պահանջում: Բարոյական չէ, երբ ասում են «սիրում եմ, որովհետև...»: Բարոյական չէ, երբ սիրում են մաս-մաս, տեղ-տեղ, ժամանակ առ ժամանակ: Սիրում եմ և վերջ՝ սա՛ է ճշմարիտը:
Սերը և նախաձեռնությունը անբաժանելի են: Սերը՝ որպես կանոն, նախաձեռնող է, հակառակ դեպքում այն կաղապարվում է սրտի մի անկյունում, ճնշվում գիտակցության կողմից ու մեռնում: Սերը մղում է սխրանքի, հերոսության, ստեղծագործության: Սերը ազատ վարքի միակ խթանն է. մյուս բոլոր դեպքերում վարքը արտաքին ազդեցության տակ է և այդքանով էլ ազատ չէ: Միավորում կարող է կայանալ հանուն սիրո, կամ սերը կարող է միավորել: Եթե երկու հոգու կարող է միավորել սերը, ապա հասարակությանն ինչու՞ չի կարող միավորել սերը: Սիրո միությունն ամուր է: Նյութի շուրջ միավորումը փլուզվում է մի փոքր ապստամբությունից: Քաղաքացիներին միավորում է ոչ թե հայրենիք-ազգ-պետությունն ինքնին, այլ հայրենասիրություն-ազգասիրություն-պետականասիրությունը:
Փարվանայի իշխանադուստրը գիտեր՝ ինչ է պետք, իսկ կտրիճները՝ ոչ: Արդյունքում իշխանությունը ժառանգելու հավակնություն ունեցողներն իրենց փնտրումներում այնքան հեռացան պահանջվածից, որ իշխանադստեր հուսահատությունը կործանեց և՛ իրեն, և՛ իշխանությունը, իսկ իշխանորդիները դարձան ցեց և կորան փոշիների մեջ: Ժողովրդին պետք չէ ատելություն ներշնչել կամ մղել հուսահատության, այլ պետք է սիրել (մանավանդ, որ նա տկարացել է կտրիճներին սպասելուց): Պետության կառավարման ցանկացած մոդել (ցանկացած սահմանադրություն) կարող է կենսունակ լինել, երբ սեր կա: Աշխարհիկ կամ հոգևոր ոչ մի իշխանություն չի կարող երկար տևել առանց ժողովրդի սիրո: Ցանկացած գործունեություն, որը կատարվում է սիրով, հարստացնում է: Ցանկացած ընտրություն, որ կատարվում է սիրով, ազատագրում է:
Բարոյական լինելու բավարար պայմանը սեփական անձի և կոչման նկատմամբ սերն է: Ցանկացած օրենք, բարոյական նորմ կարող են կիրառվել միայն սիրով: Օրենքով ապրելու համար պետք է սիրել սեփական անձն օրենքի մեջ, և նրանց, ովքեր ապրում են օրենքի մեջ, ինչպես նաև նրանց, ովքեր իրենց հռչակել են օրենքից դուրս: Օրենքից դուրս գտնվողները հարգանքի արժանի չեն, բայց սիրո և ողորմության արժանի են: Սերն է նրանց բերելու օրինական դաշտ, սերն է նրանց վերադարձնելու տաճար, սերն է անառակ որդուն տուն բերելու:
[b]Թաթուլ Մկրտչյան
[/b]
Նմանատիպ նյութեր
6055 դիտում
10:02 12-10-2018
ՀԱՊԿ գործընկերների ջանը կասկածի ցեց է ընկել. «Իրավունք»
Այս բաժնից
772 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
583 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
1138 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ