211652_close_icon
views-count1354 դիտում article-date 16:34 24-09-2015

ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձի առթիվ Հռոմի Սուրբ Վլաս հայկական եկեղեցում կայացել է եկեղեցական ծիսակատարություն

Սեպտեմբերի 21-ին ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձի առթիվ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Հռոմի Սուրբ Վլաս հայկական եկեղեցում կայացավ եկեղեցական ծիսակատարություն՝ Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության պերֆեկտ, կարդինալ Լեոնարդո Սանդրիի նախագահությամբ: Պատարագին հնչեցրած իր քարոզում Կարդինալ Սանդրին հիշատակեց Հայաստանի կողմից 301թ. քրիստոնեությունը, որպես պետական կրոն, աշխարհում առաջինն ընդունելու փաստը: Մասնակիցներն ունկնդիր եղան նաև նորանկախ Հայաստանի և Վատիկանի միջև դեռևս 1992թ. դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-վատիկանյան հարաբերություններում գրանցված ամենակարևոր իրադարաձությունների նկարագրությանը Կարդինալ Սանդրիի կողմից, որոնց գագաթնակետն են հանդիսացել Սուրբ Հովհաննես Պողոս Բ-ի` Հայաստան կատարած պատմական այցը 2001թ. և Հռոմի Ֆրանցիսկոս Պապի` Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում մատուցած աննախադեպ ու պատմական Սուրբ պատարագը ս/թ. ապրիլի 12-ին՝ նվիրված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին։ Կարդինալն իր ճառում մաղթեց, որպեսզի «Սուրբ Աթոռի և Հայաստանի միջև բարեկամությունը շարունակվի ու դառնա Կովկասում, Միջին Արևելքում ու համայն աշխարհում խաղաղության պարգև»: Խոսքի վերջում Վատիկանի պաշտոնյան նշեց, որ որպես Ֆրանցիսկոս Պապի պատվիրակ ու ներկայացուցիչ` օրերս մեկնելու է Հայաստան՝ ս/թ. սեպտեմբերի 24-ին մյուռոնօրհնեքի արարողությանը մասնակցելու նպատակով: Պատարագին հետևեց ընդունելություն, որին ներկա էին Սուրբ Աթոռի պաշտոնյաներ, Վատիկանում հավատարմագրված դեսպաններ, ինչպես նաև հայ և օտարազգի այլ ներկայացուցիչներ։ Միջոցառմանը ներկաներին ողջույնի խոսք ուղղեցին Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը, Հռոմի Հնագիտության Քահանայապետական Ակադեմիայի նախագահ Մարկո Բունոկորեն, Բոլոնիայի համալսարանի միջնադարագիտության և հնագիտության ամբիոնի վարիչ Աննա Սիրինյանը: Վերջիններս հակիրճ ներկայացրին դեսպանության հետ համագործակցությամբ իրականացված իրենց ծրագիրը՝ միջնադարյան Հռոմում հայերի առաջին վկայությունների վերաբերյալ, որն արտացոլվել էր ներկաներին երեկոյի ընթացքում բաժանված, Վատիկանի տպարանի կողմից հատուկ թողարկված գրքույկում:

Նմանատիպ նյութեր