211652_close_icon
views-count13206 դիտում article-date 11:53 22-09-2015

Կրկին լարված իրավիճակ Երևանում. տարեց առևտրականները վերջին անգամ խնդրանքով դիմում են քաղաքապետ Տարոն Մարգարյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, կրկին լարված իրավիճակ է ստեղծվել Երևանի «Այրարատ» կինոթատրոնի հարևանութամբ գտնվող գետնանցումում: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկման վարչության աշխատակիցները ոստիկանության ծառայողների հետ ժամանելով նշված վայր՝ այդ հատվածում երկար տարիներ մանրածախ առևտրով զբաղվող տարեց մարդկանց հորդորում են, որպեսզի դադարեցնեն նշված հատվածում առևտուրը՝ փոխարենը առաջարկելով նրանց գործունեություն ծավալել «Ֆիրդուսնոցում» կամ Հարավարևմտյան թաղամասում գտնվող տոնավաճառում: Ֆոտոլրագրողի հետ զրույցում առևտրով զբաղվող քաղաքացիներն ասում էին. «Մենք շատ բան չենք խնդրում քաղաքապետ Տարոն Մարգարյանից: 3 ամիս թույլատրի, շարունակենք մեր գործունեությունը, նոր մենք ինքնակամ կհեռանանք այստեղից: Մեծահասակ՝ 50 անց մարդիկ ենք, մենք ի վիճակի չենք էդքան գնանք հասնենք Բանգլադեշ կամ «Առինջ Մոլ»: Էստեղ օրական 1000 դրամի առևտուր լինի, թե ոչ»: Սակայն քաղաքապետարանի համապատասխան ծառայության աշխատողներն էլ պնդում էին, որ իրենք բազմաթիվ անգամ զգուշացրել են նրանց, որպեսզի տարածքը ազատեն և մի քանի անգամ ընդառաջել են: Իրավիճակը շիկանում էր, և տարեց մարկանց մի մասը սպառնում էր Երևանի քաղաքապետարանի դիմաց անժամկետ նստացույց անել, մի մասն էլ պատրաստվում էր դիմել ծայրահեղ միջոցի՝ ինքնահրկիզվել կամ Կիևյան կամրջից ցած նետվել: Բարեբախտաբար, նրանց և քաղաքապետարանի ծառայողների միջև համաձայնություն ձեռք բերվեց և միասին մեկնեցին Երևանի քաղաքապետարան, որեպսզի քաղաքապետը կամ քաղաքապետի լիազոր ներկայացուցիչը լսի իրենց խնդրանքը: «Մենք հուսով ենք, որ քաղաքապետը կընդառաջի մեզ, քանի որ նա լավ մարդու, հասարակ ժողովրդի կողքին կանգնած ծնողի որդի է»,-ասացին նրանք՝ նկատի ունենալով երջանկահիշատակ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր