211652_close_icon
views-count1775 դիտում article-date 13:14 18-09-2015

Ադրբեջանն անընդհատ հրաժարվում է ցանկացած տեսակի համագործակցությունից. Էդվարդ Նալբանդյան

Հարեւան Ադրբեջանը, խախտելով ստանձնած պարտավորությունները եւ հակասելով տարածաշրջանային համագործակցության ոգուն, անընդհատ հրաժարվում է ցանկացած տեսակի համագործակցությունից, այդ թվում՝ սահմանին իրավիճակի վերահսկողության հարցում։ Այս մասին սեպտեմբերի 18-ին՝ Եվրամիության «Արեւելյան գործընկերության» անդամ երկրների տեղական եւ տարածաշրջանային իշխանության մարմինների կոնֆերանսի (CORLEAP) ժամանակ, հայտարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Նախարարը նշեց, որ Հայաստանի մյուս սահմանը շարունակում է շրջափակված մնալ Թուրքիայի կողմից, ինչը խոչընդոտում է տարածաշրջանային համագործակցությանը։ Նալբանդյանը անդրադարձավ նաեւ տարբեր ծրագրերի շրջանակներում Վրաստան-Հայաստան համագործակցությանը՝ գնահատելով դա որպես այդ ենթատեքստում դրական փոփոխություն։ CORLEAP-ը ԵՄ «Արեւելյան գործընկերության» երկրներում տարածքային հարթությունը ներկայացնող համատեղ ժողով է որը համախմբում է ԵՄ եւ «Արեւելյան գործընկերության» երկրների տեղական եւ տարածքային իշխանությունների ներկայացուցիչներին: Խորհրդաժողովը միակ հարթակն է, որը հնարավորություն է ստեղծում քննարկելու քաղաքների եւ ռեգիոնների դերակատարումը «Արեւելյան գործընկերության» զարգացման համատեքստում: CORLEAP, ստեղծվել է Տարածաշրջանների կոմիտեի կողմից (CoR) 2011 թվականին՝ ԵՄ «Արեւելյան գործընկերության» երկրներին տարածքային եւ տեղական հարթություն բերելու նպատակով: CORLEAP-ը համախմբում է 36 տարածքային եւ տեղական քաղաքական գործիչների, որոնցից 18-ը՝ CoR-ից, 18-ը՝ Արեւելյան գործընկերության երկրներից՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա:

Նմանատիպ նյութեր