Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Ֆրանսիայի Անտոնի քաղաք
Դավթաշեն-Անտոնի համագործակցության ծրագրի շրջանակում Անտոնիի քաղաքապետ Ժան-Իվ Սենանի հրավերով Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 11-13-ն այցելել է Ֆրանսիայի Անտոնի քաղաք:
Դեռևս փետրվարի 5-ին Անտոնիի քաղաքային խորհուրդը քվեարկել էր Դավթաշեն-Անտոնի բարեկամության օգտին, ինչին հաջորդել էր քաղաքապետի հրավերը:
Պատվիրակության անդամները հանդիպել են Անտոնիի քաղաքապետ Ժան-Իվ Սենանի հետ և պաշտոնատար այլ անձանց հետ, քննարկել են համագործակցության ծրագրի մանրամասներն ու առաջիկա անելիքները:
Անտոնիում կայացել է “Գինու և պանրի” 29-րդ փառատոնը, որին ներկայացված էր նաև հայկական ապրանքանիշը: Դավթաշենի պատվիրակները ևս ներկա են գտնվել: Փառատոնի բացումը մեկնարկել է համաձայնագրի ստորագրմամբ: Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն ու Անտոնիի քաղաքապետ Ժան-Իվ Սենանը ստորագրել են Դավթաշեն վարչական շրջանի և Անտոնի քաղաքի քույրացման արձանագրություն: Արձանագրության ստորագրման արարողությանը ներկա էր նաև մեր հայրենակից, Անտոնիի նախկին քաղաքապետ, Օ-դը-Սեն նահանգի գլխավոր խորհրդի նախագահ, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Պատրիկ Դևեջյանը։
Ողջույնի խոսքով հանդես են եկել Պատրիկ Դևեջյանը, Ժան-Իվ Սենանը, Ռուսլան Բաղդասարյանը և այլք: Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարը ողջույնի խոսք է փոխանցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից, այնուհետև շնորհակալություն հայտնել Անտոնիի հայկական միությանը, քաղաքապետին և մեր հայրենակից Պատրիկ Դևեջյանին բարեկամության առաջարկի և գեղեցիկ նախաձեռնության համար. “Լիահույս եմ, որ համագործակցությունը կտա իր պտուղները, և մեր բարեկամությունը կհաջողվի: Առաջիկայում սիրով կսպասենք ձեզ մեր քաղաքամայր Երևանում”:
Ելույթներին հաջորդել է նվերների փոխանակումը:
Արարողությունից հետո հյուրերի պատվին տրվել է պաշտոնական ճաշ։ Այցի ընթացքում դավթաշենցի պատվիրակները այցելել են քանդակագործ Թորոս Ռաստկլանի հեղինակած “Հայաստանի արծիվը” հուշարձան` Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին: