Վաղը Հայ առաքելական եկեղեցին կնշի 5 տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը
                        Սեպտեմբերի 13-ին Հայ առաքելական եկեղեցին նշելու է 5 տաղավար տոներից ամենավերջինը՝ Խաչվերացը: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը:Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:
614թ. Պարսկաստանի Խոսրով թագավորը հարձակվում է Երուսաղեմի վրա, ավերում այն, սրի քաշում ժողովրդին, մեծ թվով գերիներ տանում: Որպես անարգանք քրիստոնյաներին` Սուրբ Հարության տաճարից գերեւարվում և Պարսկաստան է տարվում նաև Տիրոջ խաչափայտը: Պարսկաստանում խաչափայտի զորությամբ շատերը դարձի են գալիս, մկրտվում և դառնում քրիստոնյա: Խաչափայտը գերության մեջ է մնում 14 տարի: 628 թ. Բյուզանդիայի Հերակլ կայսրը քրիստոնեական մի հսկա բանակով հարձակվում է պարսիկների վրա, ազատագրում Ս. Խաչը և այն վերադարձնում նախկին վայրը: Որպես պատմական վկայություն` նշենք, որ հայ ժողովուրդն անմասն չէ խաչի ազատագրման գործից: Կայսրին ռազմական օժանդակություն է ցույց տվել նաև հունական մասի հայոց զորքը` Մժեժ Գնունու գլխավորությամբ:
Խաչը հանդիսավոր թափորով տարվում է Երուսաղեմ` Փոքր Ասիայի վրայով, ու բնական էր, որ այն անցնելու էր պատմական Հայաստանով: Թափորն անցնում է Կարին (Էրզրում) քաղաքով, իսկ Կարնո լեռների ստորոտներից մեկում, ուր խաչի դրված տեղից վճիտ աղբյուր է բխում, կառուցվում է Խաչավանքի եկեղեցին: Կայսրը խաչափայտը սրբությամբ երեք տարի Կ.Պոլսում պահելուց հետո անձամբ, կառքի մեջ ծնկած, այն ձեռքերում բռնած, Երուսաղեմ է տանում և իր ուսի վրա դրած Գողգոթայի գագաթը հանելով` բարձրացնում է Սուրբ Հարության վերանորոգված տաճարում` ի տես բոլոր քրիստոնյաների: Այդ ժամանակից էլ վերջնականորեն հաստատվեց և սկսվեց մեծ հանդիսավորությամբ տոնվել խաչի բարձրացման  հիշատակը` Խաչվերացը:
Խաչը, ինչպես հայտնի է, հնում եղել է չարչարանքի գործիք: Երբ Հիսուս  խաչվեց` այդ նույն խաչափայտը դադարեց չարչարանքի  գործիք  լինելուց: Խաչը դարձավ փրկության միջոց, Քրիստոսի սիրո արտահայտությունը, քանզի սիրել` նշանակում է նաև զոհաբերություն, զրկանք հանձն առնել: Սերը միայն զգացում չէ, սերը կյանք է և գործ: Եվ Քրիստոսի խաչելությունը հենց այդ սիրո արտահայտությունն է: Խաչն այսօր մեզ համար դարձել է փրկության միջոց, հարության խորհուրդ, պահպանիչ զորություն, քավության զոհասեղան, բժկության աղբյուր:
 Խաչվերացի տոնը մեզ համար նախևառաջ հարությամբ նորոգվելու խորհուրդն ունի: Պատահական չէր, որ 3 խաչերը (մեկը` Քրիստոսի, 2-ը` ավազակների) մահացած մարդկանց վրա դնելով հայտնաբերեցին Փրկչի խաչափայտը, քանի որ մահվան այդ գործիքը Քրիստոսի Սուրբ Արյունով ստացավ նորոգելու, բժշկելու և հարություն տալու զորություն: Քրիստոս խաչի վրա մեռնելով հաղթեց մարդկությանը սարսափեցնող մահվանը և ջախջախեց սատանայի գլուխը:
 Ըստ Գրիգոր Տաթևացու, Խաչը դարձավ երկնքի և երկրի միջև եղած վիհը միացնող կամուրջը,<<դրախտի դռները բացողն ու երկնային արքայությունը որպես ժառանգություն տվողը>>: Խաչի վեր բարձրացումով սարսափահար եղավ սատանան: Խաչի բարձրացումով մեկ անգամ ևս հաստատվեց Քրիստոսի հաղթանակն ընդդեմ մահվան, դժոխքի և բոլոր նրանց, ովքեր անարգում ու չեն պատվում Տիրոջ խաչը:
Ժողովուրդը Խաչվերացին կատարում է անթիվ ուխտագնացություններ: Որոշ բնակավայրերում մարդիկ իրենց ձեռքերով խաչեր են պատրաստում և զարդարում գույնզգույն ծաղիկներով,  հատկապես ռեհանով: Ժողովուրդը ռեհանն է համարում խաչի ծաղիկ: 
Ընդհանուր առմամբ` Խաչվերացը կամ <<Սըրբխեչը>> աշնան սկիզբը խորհրդանշող ուրախ տոն է: Տոնի նախօրեին` շաբաթ օրը կանայք խմորեղեն են պատրաստում, տղամարդիկ` ուլ մորթում ու գորովի պատրաստում: Ժողովրդական ավանդության համաձայն, ուլի միսը և ձավարով փլավն այդ օրվա առանձնահատուկ ուտելիքն է, առանց որի տոնը լիարժեք չի կարող լինել:
Շատ տեղեր Խաչվերացը`<<Սըրբխեչը>> ընկալում են որպես աշնանամուտ: Ինչպես ասում էին քեսապցիները` <<Խաչ, վերմակը առ, ներս փախիր>>,- այսինքն` բացօթյա գիշերողներն այլևս տանն են գիշերում:
Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվումէ  հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին:
Տոն  Սբ.Խաչի`Խաչվերաց
«Կորստյան մատնվածների համար խաչի  քարոզությունը հիմարություն է, իսկ մեզ` փրկվածներիս համար`Աստծո զորություն» (Ա Կորնթ. Ա 18):
Խաչի քարոզությամբ էր, որ առաքյալները  հաստատեցին քրիստոնեական Եկեղեցին, և Խաչի քարոզությամբ է մինչ այսօր եկեղեցին կենդանի: Հիսուս Քրիստոսը Գողգոթայի վրա խաչվեց`սկիզբ դնելով մեղավոր մարդկության փրկագործությանը: Մովսիսական օրենքի համաձայն` մարդը մեղքից մաքրվելու համար պետք է զոհ մատուցեր: Այդ իսկ խորհրդով Հիսուս Քրիստոսը` որպես Աստծու Գառ, մարդկության փոխարեն զոհվեց Խաչի վրա` մեզ ազատագրելով մեղքի  մահվան իշխանությունից: Այս առումով էլ Խաչն Աստծու զորությունը դարձավ փրկվածների համար: Գողգոթայի Խաչով սկսված փրկագործությունը նույն խաչով էլ պիտի ավարտվի աշխարհի վերջում, երբ Տիրոջ նշանը` Խաչը, վերջին անգամ երևա, և տեսնեն Մարդու Որդուն, ով գալու է զորությամբ և բազում փառքով (Մատթ. ԻԴ 30): 
Սկսած առաքելական ժամանակաշրջանից` Քրիստոսի Խաչը` որպես հարգանքի և երկրպագության սրբազան առարկա, կարևոր տեղ է գրավում քրիստոնեական բոլոր եկեղեցիների պաշտամունքում: Հայ Առաքելական եկեղեցին ունի Սուրբ Խաչին նվիրված հետևյալ տոները`Սուրբ Խաչի  երևման, Խաչվերաց, Վարագա  Ս.  Խաչի, Ս. Խաչի գյուտ: Այս չորսից երեքը նշվում են քրիստոնյա բոլոր եկեղեցիներում, և միայն Վարագա Սուրբ Խաչի տոնն է զուտ հայկական ու կատարվում է միայն մեր Եկեղեցում:  Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է: Այն հաստատաված է Խաչի`գերությունից դեպի Երուսաղեմ վերադարձի պատմական դեպքը պանծացնելու և միաժամանակ Խաչի զորությունը ներբողելու համար:  610թ.  Իր հզորության գագաթնակետին հասած Պարսկաստանի Խոսրով թագավորը հարձակվում է Բյուզանդիայի վրա: Պարսկական զորքերը, Խոռեմ զորավարի գլխավորությամբ  614թ.  մտնում են Երուսաղեմ, շատերը սրի են քաշվում, շատերն էլ` գերեվարվում: Վերջինների մեջ էր նաև Երուսաղեմի Զաքարիա հայրապետը: Պարսիկները մտնում են Սուրբ  Հարության տաճար և գերի վերցնում այնտեղ պահվող  Աստվածընկալ Սուրբ Խաչը, որի վրա խաչվել էր Հիսուս Քրիստոսը: Սակայն Տիրոջ Խաչը,  հայտնվելով Պարսկաստանում, ինչպես  հինկտակարանյան  Ուխտի Տապանակը` փղշտացիների  ձեռքում, մեծ փառքի է արժանանում:  
Տեղաբնակները Տիրոջ Խաչին վերաբերվում են մեծ երկյուղով` ասելով, որ քրիստոնյաների Աստվածն  իրենց մոտ է եկել: Շատերն ահից դիմում են տեղի քրիստոնյաներին և նրանցից լսելով Ավետարանի խոսքը` քրիստոնեություն ընդունում: Այնուհետև հունաց Հերակլ կայսրը Խաչափայտը վերադարձնելու համար  պատերազմի է դուրս գալիս Խոսրով արքայի դեմ:  Նրան օժանդակում է նաև հայկական զորագունդը` Մժեժ Գնունու գլխավորությամբ: Սակայն Խոսրովը շարունակում է հաղթանակներ տանել:  Հերակլ կայսրը երեք օր շարունակ աղոթում է Աստծուն` բարեխոս ունենալով Մարիամ Աստվածածնին: Չորրորդ օրը նրան տեսիլքով հայտնվում է, որ հաղթելու է:  Իսկապես, նոր ճակատամարտում նա հաղթում և ազատագրում է  Տերունական Խաչափայտը:  Խաչը Պարսկաստանից հանդիսավոր փոխադրվում է Հայոց Կարին քաղաքը: Այդ պատճառով է,  որ Կարնո դաշտի հարավ-արևելյան կողմի լեռների մեծ գագաթը Խաչափայտ է  կոչվում:  Պարսիկները  փորձում են հետ վերցնել Խաչը, սակայն հայերը հետ են մղում նրանց և վերադառնալով տեսնում, որ այնտեղից, ուր Խաչն էր դրված, վճիտ աղբյուր է բխում: Կարինից Խաչափայտը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, ապա` Երուսաաղեմ:
Խաչվերացի խորհուրդը
Խաչվերաց բառը նշանակում է Խաչի բարձրացում:  Խաչվերացն ունի Քրիստոսի  Եկեղեցու անպարտելիության  խորհուրդը, Եկեղեցի, որին  «դժոխքի դռները չպիտի հաղթահարեն»: Ուրեմն հիշենք, որ  Խաչը  քրիստոնյաներիս շնորհված չբթացող զենք է` սրբված Տիրոջ անապական արյամբ, մեր հույսն ու ապավենը: Այս խորհրդով էլ, երբ մենք խաչակնքում ենք, զորանում ենք Քրիստոսով  և նրա զորության կարողությամբ, որպեսզի, Աստծու սպառազինությամբ զինվելով, կարողանանք ընդդիմանալ սատանայի հնարքներին, «որովհետև մեր պատերազմը մարմնի և արյան հետ չէ, այլ այս խավարի իշխանությունների, պետությունների,  աշխարհակալների և երկնքի տակ եղող չար ոգիների հետ»:
Խաչին ապավինելու աղոթք
Երբ լուսավոր ամպերի վրա
Երևաց Հոր փառքով,
Քո խաչը մեզ ապավեն թող լինի,
Տեր  Հիսուս:
Այն ժամանակ մենք`
Քեզ ապավինածներս,
Չենք ամաչի,
Այլ Քո մեծ զորությամբ,
Որպես լույսի որդիներ,
Կբերկրենք Քո աջ կողմում:
Ինչո՞ւ է խաչը  քառաթև: 
Նախ` որ փրկություն է աշխարհի չորս ծագերի համար: Երկրորդ` որովհետև սրբություն է հոգու չորս առաքինությունների համար, վերինը`  խոհեմության, ներքինը` արիության, աջը` արդարության, իսկ ձախը` ողջախոհության: Նաև վերին մասը սերն է, ներքինը` խոնարհությունը, աջը` հնազանդությունը, իսկ ձախը` համբերությունը: Երրորդ` մաքրություն  է  մեղքերից` մարմնի չորս տարրերի համար: Չորրորդ` որովհետև Եզեկիել մարգարեն  տեսավ չորեքկերպյան  աթոռը և Մարդու Որդուն նրա վրա, որ նշանակում է Խաչը և Քրիստոս Նրա վրա: Հինգերորդ` որովհետև նրա միջոցով փրկվածները չորս հատկություններով են տարբերվում` երկնավոր և երկրավոր, կենդանության և մահվան: Վեցերորդ` քանզի չորս զգայարանների պահապանն է չորս տարերքներից: Յոթերորդ` նշանակու,մ է մեր ընկնելը դրախտից երկիր, որովհետև աջում էինք, թեքվեցինք դեպի ձախ: Ութերորդ` որովհետև ունի օրենքների չորս կարգը. Նախ` բնականը, որը տրվեց Ադամին, ապա` բանականը` Աբրահամին: Այնուհետև` գրավորը, Մովսեսին, և չորս Ավետարանները, որոնք Խաչի միջոցով տրվեցին: Իններորդ` մարդու երկյուղի նշանակն է տարիքային չորս հասակներում` մանկության, երիտասարդության, հասունության և ծերության: Տասներորդ` Խաչի գլուխն ու պատվանդանը նշանակում են Քրիստոսի Աստվածությունն ու մարդեղության միավորումը, որոնք խաչվել են Նրա մեջ:
Անտոն Մեծ.  «Խաչով են կատարվում և նրանով են սրբագործվում բոլոր խորհուրդները: Եթե քեզ հրեշտակ է հանդիպում, և ինքն ասում է, որ հրեշտակ է, ասա նրան թող խաչակնքի, քանի որ դևերը չեն կարողանում տանել խաչի նշանը»:
Կյուրեղ Ալեքսանդրացի. «<Այսուհետև ամոթ մի համարեք Քրիստոսի Խաչը, այլ թեպետև մեկը թաքցնի, դու հայտնապես ճակատիդ դիր խաչի նշանը, որովհետև դևերը այդ նշանը տեսնելով` սարսռում ու դողում են և փախստական դառնում: Բայց դու առ նշանը ամենայն ժամանակ, երբ ուտում ես, խմում ես և բոլոր նպատակներով, թե նստես, թե կանգնես, թե քայլես, թե անկողին մտնես»:
Կյուրեղ Երուսաղեմացի. «Այսուհետև Խաչը թող լինի առաջին և անսասան հիմնաքարը, և նրա վրա կառուցիր հավատքի մնացած բոլոր վարդապետությունը»:
Հովհաննես Իմաստասեր. Խաչը ոչ թե նյութով ունի նշանակություն, այլ իր սրբագործող հոգևոր զորությամբ` ըստ նախատիպի: Պաշտոն  և երկրպագություն ենք մատուցում ոչ թե Խաչի նյութին, այլ Աստծո զորությանը,  «որն  անբաժանելիորեն  միաձուլված է Նրա հետ: Քանի  որ նյութն  աստվածային զորությամբ և օծմամբ  ներկա է Իր  Խաչի, Իր պատկերի և Իր անվան մեջ»:
Աթանաս Մեծ.  «Խաչը տեսանելիներից անտեսանելի տանող աստիճաններն են, որի միջոցով մարդը զգայականից վեր է ճախրում, և հպվում երկնայինի` Աստվածայինի հետ»:
Խաչը համարվեց նշան մեր հպարտության և չարից, թշնամուց պաշտպանվելու ապավեն: Հայոց  Եկեղեցում  Խաչվերացը տոնակատարվում է սեպտեմբերի  11-17-ն  ընկած ժամանակահատվածում հանդիպող  կիրակի օրը: Եվ ինչպես ընդունված է Հայոց Եկեղեցում, տոնի հաջորդ երկուշաբթի ննջեցյալների հիշատակի օրն է: Այս տարի  Հայ  Առաքելական  եկեղեցին  Սուրբ Խաչի տոնը  նշում է  սեպտեմբերի 16-ին:
Քրիստինա Ղազարյան
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

