211652_close_icon
views-count7118 դիտում article-date 20:56 08-09-2015

Ռուսաստանի գրողների միությունը Վենեդիկտ Երոֆեևի անվան հատուկ մրցանակ է շնորհել հայազգի արձակագիր Էդգար Կոստանդյանին

Սեպտեմբերի 7-ին Ռուսաստանի գրողների միությունը Վենեդիկտ Երոֆեևի անվան հատուկ մրցանակ է շնորհել հայազգի արձակագիր Էդգար Կոստանդյանին` «Մարտուն պապը» պատմվածքի համար: Ռուս գրող Վիկտոր Դյուժևն այս մասին հարցազրույց է տվել ռուսական մամուլին` իր խոսքում կարևորելով Կոստանդյանի դերը հայ գրականության զարգացման և առաջխաղացման գործում: «Լինել այսքան երիտասարդ և ունենալ ընթերցողների այդչափ մեծ բանակ, երևույթ է անգամ մեծ պետությունների համար, ուր մնաց երեք միլիոն բնակչություն ունեցող մի երկրի, որտեղ ըստ միջագային վիճակագրության, բնակչության միայն երեք տոկոսն է հետաքրքրվում գրականությամբ»: Իսկ ՌԴ գրողների միության գործադիր մարմնի անդամ, արձակագիր Ստանիսլավ Կունյաևը, խոսելով «Մարտուն պապը» պատմվածքի մասին, ասել է. «Ավելի ապրող գրականություն լինել չի կարող, հիանալի պատմվածք է` թե կառուցվածքային առումով, թե խոսքի կուլտուրայով, թե հերոսների ճիշտ ընտրությամբ ու մեկնաբանմամբ, և թե վարպետորեն կառուցած երկխոսություններով: Պատահական չէ, որ նա հռչակավոր հայ արձակագիր Լևոն Խեչոյանի սանն է, ձեռագրից միանգամից պարզ է դառնում, որ մեծ դպրոց է անցել»: Ի դեպ, սա հեղինակի միջազգային յոթերորդ և «Մարտուն պապը» պատմվածքի երկրորդ մրցանակն է: Հիշեցնենք, որ եվրոպական EUROPEN մրցույթում պատմվածքն արժանացել է առաջին մրցանակի: Արմինե Հոխիկյան Նյութի աղբյուր Elq.am

Նմանատիպ նյութեր