Հնդկաստանում համազգային գործադուլ է հայտարարվել, որին մասնակցում է 15 միլիոնից ավելի մարդ
Ավելի քան 15 միլիոն մարդ է մասնակցում Հնդկաստանի տարբեր հատվածներում տեղի ունեցող բողոքի ցույցերին և գործադուլին, որոնք ուղղված են երկրի կառավարության վարած տնտեսական քաղաքականության դեմ, հաղորդում է Indian Express-ը:
24-ժամյա գործադուլին մասնակցում են նաև 10 կենտրոնական արհմիություններ՝ ապահովագրական և բանկային, տրանսպորտային, հանքարդյունաբերության և այլ սեկտորների, տաքսի ծառայությունների աշխատակիցներ:
Գործադուլներն ընթանում են Նյու Դելի, Մումբայ, Կալկաթա, Բանգալոր, Չեննայի և այլ խոշորագույն քաղաքներում: Իսկ Խարիանա, Ուտտար-Պրադեշ, Ռաջաստխան և Պենջաբ նահանգների տրանսպորտային ոլորտի աշխատակիցները ամբողջական կազմով են դուրս եկել գործադուլի:
Շատ քաղաքներում մարդիկ խափանել են տրանսպորտային երթևեկությունը: Արևմտյան Բենգալի նահանգում անկարգություններ են սկսվել: