211652_close_icon
views-count1379 դիտում article-date 10:20 02-09-2015

Խնդիրը Սահմանադրությունը կամ նույնիսկ վերարտադրությունը չէ, այլ՝ նոր սկզբունքների վրա քաղաքականությունը կառուցելն է. «Առավոտ»

«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «… Որքան ես հասկանում եմ, այս շաբաթների գլխավոր իրադարձությունն էին կուսակցականների եւ նախագահի հանդիպումները սահմանադրական փոփոխությունների թեմայով: Թեստ, որով կուսակցությունները բաժանվում են երկու խմբի՝ «ռեժիմի սպասարկուներ» (ովքեր հանդիպել են) եւ «պուպուշ հեղափոխականներ» (ովքեր չեն հանդիպել): Եթե սահմանադրական փոփոխություններից կամ «չփոփոխությունից» կախված լիներ Հայաստանի ողջ ճակատագիրը, ապա նույնիսկ այդ դեպքում այդ ջրբաժանը դնելը սխալ կլիներ, որովհետեւ ցանկացած ջրբաժանից, իմ կարծիքով, գալիս է «բոլշեւիկ-մենշեւիկ» պայքարի «հարբած» հոտը: «Հեղափոխականների» (բոլշեւիկների) եւ «սպասարկուների» (մենշեւիկների) անկեղծության մակարդակը չափելը գրեթե անհնարին է: Մի առիթով ֆրանսիացի փիլիսոփա Ժան-Պոլ Սարտրը նկատել էր, որ իրական զգացմունքների եւ դրանց տքնաջան իմիտացիայի միջեւ տարբերությունը չնչին է. եթե դուք հանուն ինչ-որ մեկի զոհողությունների եք գնում, եւ եթե ձեւեր եք թափում, թե ինչ լավն եք, որ գնում եք այդ զոհողություններին, վիճակը գրեթե նույնն է: Որովհետեւ երկրորդ՝ ձեւեր թափելու դեպքում մարդը վաղ թե ուշ սկսում է հավատալ իր «պուպուշությանը»: Մարդկանց, ազգերի, կուսակցությունների միջեւ բաժանարար գծեր սահմանելը, կրկնեմ, ինքնին վատ է, բայց սահմանադրական փոփոխությունները «չարի եւ բարու» մահացու ճակատամարտի թատերաբեմ սարքելը պարզապես ծիծաղելի է՝ կարելի է ավելի ծանրակշիռ առիթներով հանել թուր-թվանքը եւ ջախջախել իրար, եթե այդպիսի ցանկություն կա: Խնդիրը, ինչպես արդեն շատերն են նշում, Սահմանադրությունը կամ նույնիսկ վերարտադրությունը չէ: Խնդիրը, թող վերամբարձ չհնչի՝ նոր սկզբունքների վրա քաղաքականությունը կառուցելն է՝ ոչ միայն իշխանության, այլեւ ամբողջ քաղաքական համակարգի: Մենք այն վիճակում չենք, որ շարունակենք ապրել հայաստանյան սովորական, 1990-ականներին մշակված մոդելներով: Ժամանակն է օդափոխել սենյակը եւ դադարեցնել պայքարը մի բաժակ օղու համար»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր