211652_close_icon
views-count887 դիտում article-date 19:39 01-09-2015

Եվրոպական ազատ դաշինքի պատվիրակությունը այցելեց Արցախի պետական համալսարան

Արցախի ժողովրդավարական կուսակցության հրավերով այս օրերին Ստեփանակերտում են Եվրոպական ազատ դաշինքի նախագահ Ֆրանսուա Ալֆոնսին և Եվրախորհրդարանի, ԵԱԴ անդամ Ջորդի Սեբաստիան: ԵԱԴ պատվիրակությունն իր հանդիպումները մեկնարկել է այսօր՝ Արցախի պետական համալսարանում, որտեղ պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմի համար դասախոսությամբ հանդես է եկել Եվրախորհրդարանի անդամ Ջորդի Սեբաստիան: «Ինչպե՞ս լուսաբանել բնականոն կյանքը հակամարտության պայմաններում» թեմայով զեկույցում Ջորդի Սեբաստիան, մատնանշելով ԼՂ օրինակը, ընդգծել է, որ չնայած գոյություն ունի հակամարտության խնդիր՝ Արցախը կոնֆլիկտ չէ, և լուսաբանելիս շեշտադրում պետք է արվի առավելապես խաղաղ կյանքին, ձեռք բերված ժողովրդավարական արժեքներին, արժեքավոր պատմամշակութային ժառանգությանը և հարուստ խոհանոցին: Զեկուցողը առաջարկել է մշակել տեղեկատվական ոլորտի ռազմավարություն, ինչը հնարավորություն կտա աշխարհին ներկայացնել Արցախի առավելություններն ու ձեռքբերումները, դրանով իսկ մեծացնելով երկրի նկատմամբ հետաքրքրվածությունը: «Արցախի ժողովուրդը նվաճել է ազատ, ինքնիշխան ապրելու իրավունքը և իր ժողովրդավարական արժեքներով կարող է օրինակ դառնալ այլոց համար»,- նշել է Ջորդի Սեբաստիան: Հանդիպման ավարտին մասնակիցները բանախոսին հարցեր առաջադրելու հնարավորություն են ստացել: Առաջիկա օրերին պատվիրակությունը նախատեսում է հանդիպել Արցախի իշխանությունների ու հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ և մասնակցել Արցախի անկախության տոնին նվիրված միջոցառումներին: Հյուրերին ուղեկցում է Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության տնօրեն Էդուարդո Օչոան:

Նմանատիպ նյութեր