62941 դիտում
13:18 27-12-2018
Լարված իրավիճակ Արագածոտնի մարզում. «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհը կառուցող շինարարները փակել են ճանապարհը. երթևեկությունը կաթվածահար է եղել. նրանք պահանջում են իրենց՝ ամիսներով չվճարված աշխատավարձը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 2 ժամից ավելի է, լարված իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհը կառուցող ընկերությունում աշխատող 200-ից ավելի շինարարներ՝ ի նշան բողոքի, փակել են Երևան Գյումրի ավտոճանապարհի Ագարակի հատվածը։
Շինարարները պահանջում են, որպեսզի իրենց հետ հանդիպում ունենա ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, քանի որ վստահ են, որ միայն նախարարի պաշտոնակատարի միջամտության արդյունքում իրենց խնդիրը, ի վերջո, կլուծվի։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում շինարարներն ասում էին. «Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի կառուցման վրա ենք աշխատել, ու արդեն քանի ամիս է՝ գումարը չեն տալիս։ Վարկեր ունենք վերցրած, որ պետք է փակենք, չենք կարող, կոմունալ վճարումները պետք է կատարենք, չենք կարող։ Մենք էլ ենք մարդ, մենք էլ ենք միս ու արյունից, մենք էլ ենք ուզում, որ մեր ամանորյա սեղանը մի փոքր զարդարված լինի։ Ամիսներով գումարը չեն տալիս, ում դիմում ես, մեկը մեկի վրա է գցում։ Ստիպված դիմում ենք ծայրահեղ այս միջոցին, որպեսզի մեր խնդիրը լուծեն, իսկ դա իրենք կարող են, եթե ցանկություն ունեն»։
Այս պահին երթևեկությունը նշված հատվածում կաթվածահար է եղել և ավտոմեքենաների խցանումն անցնում է մի քանի կիլոմետրից։ Բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցություններ են վարում Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանը, Ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Ալբերտ Երիցյանը, սակայն բողոքի ակցիայի մասնակիցները հրաժարվում են ճանապարհը բացել՝ ասելով, որ մինչև կառավարությունից մարդ չգա, ճանապարհը չեն բացի։
Արդեն ժամանել է Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, ով նույնպես փորձում է բողոքի ակցիայի մասնակիցներին համոզել, որ ճանապարհը բացեն՝ ասելով, որ ինքն ամեն հնարավորը կանի. տեղեկությունը օբյեկտիվ կներկայացնի կառավարություն ու կձեռնարկեն անհրաժեշտ միջոցառումներ՝ խնդիրը շուտափույթ՝ ի շահ քաղաքացու, լուծելու համար։
Այս պահին բանակցությունները շարունակվում են։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2059 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)