211652_close_icon
views-count1401 դիտում article-date 17:51 27-08-2015

Արտակ Օսեյան. Կարևոր է, որ հավաքականի նոր ֆուտբոլիստները մերվեն թիմի խաղաոճին

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 19:00-ին, ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում տեղի կունենա Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2017 թ. առաջնության Հայաստան-Ռումինիա հանդիպումը: Այսօր Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը հրապարակել է այն 23 ֆուտբոլիստների անունները, որոնք պետք է նախապատրաստվեն այդ հանդիպմանը: Նրանց թվում են նաև 3 նոր ֆուտբոլիստներ՝ հարձակվող Դավիթ Արշակյանը («Տրակայ», Լիտվա), կիսապաշտպան Շանթ Բեդրոսյանը («Դե Գրաֆսհապ», Հոլանդիա) և պաշտպան Աղավարդ Պետրոսյանը «Բանանց»: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը խոսել է նորեկների հնարավորությունների, ինչպես նաև Ռումինիայի հավաքականի հանդիպումից իր սպասելիքների մասին. Դավիթ Արշակյանի մասին «Բոլոր նորեկներն էլ երկար ժամանակ մեր ուշադրության կենտրոնում են եղել, ուսումնասիրել ենք նրանց խաղը և եկել այն եզրակացության, որ նրանք անհրաժեշտ են հավաքականին: Մենք անընդհատ հետևել ենք Դավիթ Արշակյանի խաղին: Վերջին շրջանում նա բավականին հաջող է հանդես գալիս Լիտվական «Տրակայի» կազմում, գոլեր է խփում և լավ մարզավիճակում է: Բարձրահասակ հարձակվող է, լավ է խաղում գլխով, տուգանային հրապարակում շատ արագ է կողմնորոշվում: Ուժեղ կողմերից է նաև այն, որ շատ լավ է աշխատում մեջքով դեպի մրցակցի դարպասը: Իմ կարծիքով նրա գալով մենք կարող ենք բազմազանություն մտցնել մեր հարձակման գծում: Բնականաբար մենք չենք շտապում, քանի որ դեռ պետք է տեսնել, թե ինչպես Արշակյանը կմերվի թիմի խաղին, կհասկանա մեր խաղաոճը, բայց նախնական տպավորություններով նա կարող է օգտակար լինել մեզ: Շանթ Բեդրոսյանի մասին «Դե Գրաֆսհապի» կիսապաշտպան Շանթ Բեդրոսյանի խաղին նույնպես հետևել ենք և որոշակի պատկերացում ունենք նրա հնարավորությունների մասին: Շանթը եզրային կիսապաշտպան է, կարող է խաղալ եզրերից յուրաքանչյուրում: Սակայն, հաշվի առնելով, որ Հոլանդիայում թիմերի գերակշռող մասը խաղում է 4-3-3 տակտիկական դասավորությամբ, իսկ եզրային խաղացողներն ավելի շատ հարձակվողներ են, դեռ պետք է տեսնենք, թե որքանով Շանթը կկարողանա հարմարվել մեր խաղաոճին: Աղավարդ Պետրոսյանի մասին Ինչ վերաբերում է Աղավարդ Պետրոսյանին, ապա նրան հետևելու ավելի շատ հնարավորություններ ունենք, քանի որ խաղում է Հայաստանում: Նախորդ հավաքին հրավիրվել էր Գագիկ Մաղաքյանը, բայց, հաշվի առնելով, որ Մաղաքյանը վերջին շրջանում քիչ է խաղում, իսկ Աղավարդ Պետրոսյանը մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցել է միջազգային հանդիպումների և լավ տպավորություն է թողել, որոշեցինք այս անգամ հավաքական հրավիրել նրան: Լավ տվյալներով, խաղը լավ հասկացող կենտրոնական պաշտպան է: Նրա համար դժվար կլինի միանգամից հիմնական կազմում տեղ գտնելը, բայց ավելի բարձր տարիքային հավաքականի հետ մարզվելը միանշանակ օգտակար կլինի: Ռումինիայի հավաքականի հետ հանդիպման մասին Առաջին հանդիպումը ռումինացիների հետ ցույց տվեց, որ նրանք բավականին ուժեղ թիմ ունեն: Ռումինացիները շատ ագրեսիվ սկսեցին մեր հետ հանդիպումը, և մեր պաշտպանությունը չդիմացավ ճնշմանը ու մի քանի կոպիտ սխալներ թույլ տվեց: Առաջին խաղում պարտությունը կապում եմ առաջին հերթին մեր պաշտպանական գծի անփորձության և թիմային ընդհանուր խաղակցվածության պակասի հետ: Մենք մի քանի անգամ նայել ենք տեսագրությունը, հասկացել ենք մեր սխալները, որոնք, մեր կարծիքով, շտկելի են: Կարծում եմ, որ մեր հավաքականը բավականաչափ պոտենցիալ ունի՝ այս անգամ ավելի հաջող հանդես գալու համար: Արտյոմ Սիմոնյանի մասին Ես խոսել եմ ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի հետ, ով նշել է, որ Արտյոմ Սիմոնյանը պետք է ազգային հավաքականին, քանի որ ունի շատ լավ որակներ և ներկայումս լավ մարզավիճակում է: Այդուհանդերձ, Սիմոնյանը մեր թիմի ավագն է, առանցքային խաղացող, և ըստ պայմանավորվածության, եթե խաղաժամանակ չստանա ազգային հավաքականում, երիտասարդական հավաքականի կազմում կմասնակցի Ռումինիայի հետ հանդիպմանը:

Նմանատիպ նյութեր