Գերմանական Daimler AG ավտոկոնցեռնը մտադիր է իրանական շուկա վերադառնալ
Գերմանական Daimler AG ավտոմոբիլային կոնցեռնը մտադիր է վերադառնալ իրանական շուկա: Այդ մասին հայտնել է ընկերության ներկայացուցիչ Սիլկե Մոկերտը:
Վերջինս նշել է, որ Իրանի և միջազգային միջնորդ «վեցյակի» միջև կնքված միջուկային համաձայնագրի իրագործումից հետո կոնցեռնը կվերադառնա Իրան, սակայն կպահպանի պատժամիջոցների ռեժիմը և արտահանման վերահսկողության կանոնները:
Ավելի վաղ Iran Khodro Industrial Group-ի գլխավոր տնօրեն Հաշեմ Եքե Զարեն հայտարարել էր, որ Mercedes-Benz-ը մտադիր է ձեռք բերել իրանական Diesel Engine Manufacturing's-ի 30 տոկոս բաժնեմասը: Բացի այդ, Թեհրանը և Mercedes-Benz-ը պատրաստվում են 10 տարի ժամկետով համաձայնագիր ստորագրել, համաձայն որի Իրանում բեռնատար ավտոմեքենաներ և ավտոբուսներ կարտադրվեն: