Վրաստանի ընդդիմությունը կոչ է անում կառավարությանը հրաժարական տալ
Վրաստանի կառավարությունը պետք է հրաժարական տա, քանի որ չի կարողանում կանգնեցնել ազգային արժույթի՝ լարիի անկումը: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է նախկին իշխող «Միացյալ ազգային շորժում» կուսակցության անդամ Զուրաբ Մելիկիշվիլին:
GeorgiaOnline-ի փոխանցմամբ՝ երկար ժամանակ լարին մնացել է 1 դոլարի դիմաց 1,74-1,76-ի մակարդակում, սակայն 2014 թվականի հոկտեմբերից սկսել է նվազել: Ներկա պահին Վրաստաբի Ազգային բանկի կողմից սահմանված փոխարժեքը կազմում է 1 դոլարի դիմաց 2,3336 լարի:
«Լարիի անկումը ուղիղ կերպով ազդում է մեր բնակչության՝ էլ ավելի աղքատացման վրա, և քանի որ կառավարությունը չունի այդ խնդրի լուծման տարբերակ, այլ, հակառակը, այս տարիներին այնպիսի որոշումներ է կայացնում, որոնք ուղիղ կերպով արգելափակում են ներդրումների հոսքը մեր երկիր, մենք պահանջում ենք նրա հրաժարականը»,-ասել է նա:
Այս տարվա հուլիսին 2014 թ-ի համեմատությամբ Վրաստանում 7,1%-ով թանկացել են սնունդն ու ոչ ալկոհոլային խմիչքները: