Օգոստոսի 29-ից սկսած Երևանում կրկեսային ներկայացումներ կկայանան
                        «Երևանյան ամառ 2015» եռամսյա միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետարանի հրավերով, առաջին անգամ հյուրախաղերով  մայրաքաղաք է ժամանել  Սանկտ Պետերբուրգի  «ԻՄՊԵՐԻԱԼ» շապիտո կրկեսը, որի երևանյան ներկայացումները նվիրված  կլինեն աշխարհահռչակ ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան 80 ամյակին: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Կոմիտասի անվան զբոսայգում` նախկին դելֆինարիումի տեղում հատուկ կահավորված տարածքում  կայացել է կրկեսի անդրանիկ ներկայացումը: 
Երկու ժամից ավելի տևած կրկեսային ծրագրի ընթացքում ինչպես երեխաների, այնպես էլ նրանց ծնողների համար բարձր տրամադրություն են ապահովել ծաղրածուների զվարճալի համարները, օդային ակրոբատները և աճպարարները: Ներկայացվել են շուրջ մեկ տասնյակ համարներ՝ կրկեսային կենդանիներով: 
Կրկեսը երևանյան կանոնավոր ներկայացումները կսկսի օգոստոսի 29-ից մինչև հոկտեմբերի 4-ը ներառյալ` ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

