Ավտովթար-վրաերթ Գեղարքունիքի մարզում. 25-ամյա երիտասարդի ոտքը կտրվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
                        Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 17-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթար-վրաերթի փաստով:
Ժամը 19:00-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում բախվել են Ծովինար գյուղի բնակիչներ, 50-ամյա Գրիգոր Մինասյանի վարած ԳԱԶ 31029 մակնիշի 34 CN 626 համարանիշի և 22-ամյա Մնաց Կարապետյանի վարած ՎԱԶ 21074 մակնիշի 34 FL 275 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո Գ. Մինասյանը իր ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և վրաերթի ենթարկել ճանապարհի եզրին կանգնած համագյուղացի, 25-ամյա Կարեն Սարգսյանին:
Վրաերթի ենթարկված Կ. Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն: 
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ: 
Մարտունու բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վրաերթի ենթարկվելու հետևանքով Կ. Սարգսյանի ոտքը կտրվել է: 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
Լուսանկարները` Լևոն Ամիրզյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

