211652_close_icon
views-count1498 դիտում article-date 20:23 21-08-2015

Արցախում կմեկնարկի համաբուհական առաջին բանակումը

Օգոստոսի 14-ից 20-ը ՀՀ բուհերում, Արցախում և Ջավախքում սովորող մի խումբ երիտասարդներ Արցախի Տող գյուղում մասնակցեցին «Համաբուհական բանակում 2015»-ին, որն իրականացվել էր ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների, Ուսանողական խորհրդի, Ուսանողական գիտական ընկերության կողմից և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ֆինանսավորմամբ: Բանակային 7 օրերի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան այցելել Խնձորեսկ, Ամարաս, Տնջրի ծառ, եղան Շուշիի Սրբ. Ղազանչեցոց եկեղեցում և կարողացան գրավել Դիզափայտ լեռան գագաթը: Իսկ կազմակերպված տարաբնույթ խաղ-մրցույթները բարձր պահեցին ծրագրի մասնակիցների ակտիվությունը՝ օր օրի մեծացնելով հաղթելու ցանկությունը: «Համաբուհական բանակում 2015»-ի շրջանակում մասնակիցները հանդիպեցին նաև Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի հետ: Փոխվարչապետը դասախոսություն կարդաց Արցախի պատմության կարևորագույն էջերի մասին և կիսվեց Արցախյան հերոսամարտի կենդանի հուշերով: Բանակային կյանքի վերջին օրը տարբերվում էր, քանի որ մասնակից 5 ջոկատները ներկայացրին համաբուհական բնույթ կրող ինտելեկտուալ, մշակութային, սպորտային և գիտակրթական ծրագրեր, որոնք մշակված էին հենց իրենց կողմից: Օգոստոսի 20-ին պարզ դարձավ «բանակային» ջոկատներից լավագույնի անունը. «Վարանդա» ջոկատը, որի մասնակիցները 7 օրերի ընթացքում կարողացել էին հաղթահարել բոլոր դժվարին փորձությունները, արժանացավ լավագույնի կոչմանը՝ որպես մրցանակ ստանալով Բյուրականում եռօրյա հանգստի հնարավորություն: Իսկ երկրորդ տեղը կիսեցին «Գյուլիստան» և «Խաչեն» ջոկատները: Հաղթող ջոկատի ղեկավարը ՝ Արշակ Գևորգյանը, խոսելով իրենց հաղթանակի մասին, առաջինը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին՝ նման հնարավորություն ընձեռելու համար, այնուհետև խոստովանեց, որ հպարտ են հաղթանակի համար: Իսկ Վարանդա ջոկատի անդամներն իրենց «Կարևորը մասնակցությունն է» կարգախոսով ոգևորեցին արդեն հարազատ դարձած մրցակից թիմերին: ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Ռաֆֆի Քարամյանը, ողջունելով հաղթանակած թիմերին, նշեց.«Ծրագիրը մեծ հետաքրքություն էր վայելում դեռ անցած տարի, ինչն էլ այս տարի մեզ ստիպել էր ընդլայնել այն՝ ներբուհականից դարձնելով համաբուհական: Բանակումի ողջ ընթացքում մասնակիցների ոգևորությունը խոսում է այն մասին, որ մենք հասել ենք մեր նպատակին»: «Երբ ծրագրին մասնակցության հայտ էի ուղարկում, մտածում էի, որ վրանային պայմաններում ապրելը դժվարություններ կստեղծի, բայց ճամբարի հենց առաջին օրը հասկացա, որ սխալվել եմ, որովհետև կազմակերպիչներն արել էին ամեն հնարավոր բան, որպեսզի մեզ համար դժվարություններ չստեղծվեն»,- նշեց Գավառի պետական համալսարանը ներկայացնող Գևորգը: Իսկ բանակումի հանդիսավոր փակման ժամանակ մասնակիցներին իր խոսքն ուղղեց ԵՊՀ ուսնողների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Վահագն Վարագյանը, ով շնորհակալություն հայտնեց ուսանողներին մասնակցության համար և նշեց, որ ծրագրի կայացման գործում յուրաքանչյուրի ունեցած ներդրումը եղել է կարևոր՝ այս հարցում ոչ պակաս կարևորելով ջոկատավարների դերը, ովքեր կարողացան պատվով կատարել իրենց առջև դրված խնդիրը:

Նմանատիպ նյութեր