Վաղը կկայանա Հայաստանի մանկապատանեկան ֆուտբոլի մրցանակաբաշխությունը
Վաղը՝ ժամը 13:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում առաջին անգամ մեծ հանդիսավորությամբ կկայանա Հայաստանի մանկապատանեկան ֆուտբոլի մրցանակաբաշխությունը:
2014 թ. սեպտեմբերից մինչև 2015 թ. հունիս ամիսները 9 տարիքային խմբերի 13 առաջնություններում Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի, ինչպես նաև Արցախի թիմերը վիճարկել են լավագույնի կոչումը:
Վաղը տեղի կունենա բոլոր ուժեղագույնների և անհատական անվանակարգերում լավագույնների պարգևատրությունը: Միջոցառմանը կմասնակցեն և պատանի ֆուտբոլիստներին կպարգևատրեն Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները՝ Վարազդատ Հարոյանը, Տարոն Ոսկանյանը, Կամո Հովհաննիսյանը և Լևոն Հայրապետյանը:
Միջոցառումը լուսաբանել ցանկացող ԶԼՄ-ների ներկայացուցիչները, ինչպես նաև պատանի ֆուտբոլիստների հարազատները և հայկական ֆուտբոլի երկրպագուները կարող են ներկա գտնվել միջոցառմանը: Մուտքն ազատ է, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: