Իսպանիայի Սուպերգավաթ. «Ատլետիկը» նվաստացրեց «Բարսելոնային». տեսանյութ
Իսպանիայի Սուպերգավաթի առաջին հանդիպումը` Բիլբաոյի «Ատլետիկի» և «Բարսելոնայի» միջև, ավարտվեց անհավատալի սենսացիայով:
Աշխարհի ուժեղագույն ակումբը, Չեմպիոնների լիգայի, Իսպանիայի և Եվրոպայի Սուպերգավաթի գործող չեմպիոնը բոլոր առումներով նվաստացուցիչ պարտություն կրեց բասկյան թիմից` 0:4:
Խաղից առաջ դժվար է պատկերացնել, որ կգտնվեր գեթ մեկ հոգի, որը կկանխատեսեր նման հաշիվ: Սակայն փաստը այն է, որ «Բարսելոնան», որը օրեր առաջ Թբիլիսիում դրամատիկ պայքարում հաղթեց «Սևիլյային», անզոր գտնվեց «Ատլետիկի» դեմ: Նման խոշոր հաշվով պարտություն «Բարսելոնան» չէր կրել արդեն մի քանի տարի:
Սակայն կատալոնացիների պարտության հիմնական մեղավորը մարզիչ Լուիս Էնրիկեն է, որը նման պատասխանատու խաղին խաղադաշտ չէր մտցրել թիմի հիմնական կազմի մի քանի ֆուտբոլիստի` Պիկեին, Բուսկետսին, Ռակիտիչին, Ինյեստային: Նրանց փոխարինած խաղացողները պարզապես տապալեցին հանդիպումը:
«Ատլետիկի» ջախջախիչ հաղթանակի սկիզբը դրեց Սան Խոսեն, որը հրաշալի հարվածով, 50 մետր հեռավորությունից գրավեց Տեր Շտեգենի պաշտպանած դարպասը: Իսկ բասկյան թիմի հարձակվող Ադուրիսը դարձավ հեթ-տրիկի հեղինակ:
«Բարսելոնան» դեռ հնարավորություն ունի նվաճել Իսպանիայի Գավաթը, սակայն դրա համար պատասխան խաղում, որը կկայանա օգոստոսի 18-ին, պետք է հրաշք գործի:
Իսպանիայի Սուպերգավաթ, 1-ին հանդիպում
«Ատլետիկ» (Բիլբաո)-«Բարսելոնա»` 4:0
Գոլերը` Սան-Խոսե, 13, Ադուրիս, 53, 63, 68 (11մ.)