Ադրբեջանական «Գաբալա» ակումբի ֆուտբոլիստը դարձել է լրագրողի սպանության պատճառ. տեսանյութ
Ադրբեջանի առաջնության բրոնզե մեդալակիր «Գաբալա» ակումբը թիմից հեռացրել է կիսապաշտպան Ջավիդ Հուսեյնովին: Վերջինս լրագրող Ռասիմ Ալիևի սպանության՝ առնվազն պատճառ է հանդիսացել: Ակումբը իր ցավակցությունն է հայտնել լրագրողի մահվան կապակցությամբ:
Նշենք, որ Ռասիմ Ալիևը քննադատել էր Հուսեյնովին Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլում Կիպրոսի «Ապոլոնի» հետ խաղում ցուցաբերած վարքագծի համար: Այդ ժամանակ 27-ամյա ֆուտբոլիստը Թուրքիայի դրոշն է ծածանել և վիրավորական արտահայտություններ արել մրցակցի հասցեին, այդպիսով իր զորակցությունը հայտնելով Թուրքիային՝ Կիպրոսի հետ ունեցած հակամարտությունում:
Քննադատությունից հետո լրագրողը հայտարարել էր, որ իրեն է զանգահարել Հուսեյնովի ազգական ներկայացած մի տղամարդ, վիրավորել իրեն, այնուհետև հրավիրել թեյ խմելու:
Հանդիպման ժամանակ Ալիևի վրա են հարձակվել 5-6 հոգի, որոնք դաժան ծեծի են ենթարկել նրան, որից հետո լրագրողին տեղափոխել են հիվանդանոց և շտապ վիրահատել: Սակայն լրագրողը ստացած վնասվածքներից մահացել է: