211652_close_icon
views-count1577 դիտում article-date 17:00 07-08-2015

Հայաստանում է ՌԴ հարկային ծառայության պատվիրակությունը. ռուս գործընկերները ծանոթացել են դրոշմապիտակների ներդրման հայկական փորձին

Օգոստոսի 6-7-ը առաջավոր փորձի փոխանակման նպատակով Հայաստանում է Ռուսաստանի Դաշնության հարկային ծառայության պատվիրակությունը` Դաշնային հարկային ծառայության ղեկավարի տեղակալ Դիմիտրի Գրիգորենկոյի գլխավորությամբ: Պատվիրակությունը ծանոթացել է մեր երկրում 2013-2014թ.թ.-ների ընթացքում կիրառության մեջ դրված դրոշմապիտակների ներդրման, օգտագործման, հաշվառման և հսկողության խնդիրներին և գործընթացներին: ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանը կարևորելով փորձի փոխանակումն, ընդգծել է, որ հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունը բավականին խորն է: ՌԴ Դաշնային հարկային ծառայության ղեկավարի տեղակալ Դիմիտրի Գրիգորենկոյի խոսքով` ռուսական պատվիրակությունը տպավորված է Ֆինանսների նախարարության էլեկտրոնային կառավարման համակարգով, հատկապես առցանց գործընթացների բարձր մակարդակով: Ի դեպ, ՌԴ-ում ակցիզային դրոշմապիտակները սահմանափակ քանակությամբ կիրառվում են միայն ենթաակցիզային ապրանքների նկատմամբ: Նախարարությունում Ռուսաստանի պատվիրակությանը ներկայացվել են նախորդ 2 տարվա ընթացքում մասնավորապես դեղորայքի, պահածոների, օծանելիքի և պիտակավորման ենթակա մյուս ապրանքների ներդրման խնդիրներն ու նախապատրաստական աշխատանքները, հատկապես էլեկտրոնային հաշվառման և հսկողության գործող համակարգը: Պատվիրակության անդամները տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հայ ծրագրավորողների հետ քննարկել են առցանց ռեժիմով դրոշմապիտակների կիրառման ու հսկողության ամբողջ գործընթացը: Հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության երկրներում փորձնական ներդրվող մորթուց պատրաստված ապրանքների նկատմամբ նախատեսված պիտակավորման գործընթացը, հայկական կողմի համար օգտակար էր ծանոթանալ սպասվող գործընթացի վերաբերյալ ռուսական մոտեցումներին` հնարավորինս նույնականացնելով պիտակների կիրառման և հսկողության գործընթացները: Հյուրերին ներկայացվել է նաև Հայաստանում Նոր սերնդի ՀԴՄՆ-ների կիրառման, մասնավորապես էլեկտրոնային եղանակով տեղեկատվության հավաքագրման գործընթացը: «Մեր երկրում ներդրված Նոր սերնդի ՀԴՄ-ները` «ամբողջ մեկում» տերմինալը աշխարհում համարվում է լավագույն փորձերից մեկը: Ռուսաստանը ևս հետքրքրված է այս փորձի ուսումնասիրությամբ` իրենց երկրում ներդնելու առումով»,-տեղեկացրել է ՖՆ Տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների ներդրման և զարգացման վարչության պետ Միքայել Փաշայանը: Դաշնության պատվիրակության անդամները Կենտրոնի հարկային տեսչությունում ծանոթացել են նաև հարկ վճարողների սպասարկման գործառույթներին:

Նմանատիպ նյութեր