Դեսպան Այվազյանը հանդիպել է Լիտվայի էկոնոմիկայի նախարարի հետ
Օգոստոսի 6-ին Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը հանդիպում ունեցավ Լիտվայի էկոնոմիկայի նախարար Էվալդաս Գուստասի հետ:
Զրուցակիցներն անդրադարձան վերջին շրջանում արձանագրված առևտրական փոխանակումների և երկու երկրների գործարար շրջանակների շփումների ակտիվացման միտումներին:
Կողմերը գոհունակություն հայտնեցին հայ-լիտվական առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ձևավորման գործընթացի ավարտի կապակցությամբ: Դեսպան Այվազյանը և նախարար Գուստասը համակարծիք էին, որ Միջկառավարական հանձնաժողովի ստեղծումը և ապագա գործունեությունը կարևոր խթան կհանդիսանան երկկողմ առևտրի զարգացման և ներդրումների խրախուսման համար:
Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանն իր զրուցակցին տեղեկացրեց 2014-2015թթ. ընթացքում Լիտվայում և Հայաստանում տեղի ունեցած 3 բիզնես-ֆորումների արդյունքների վերաբերյալ, որոնք կազմակերպել էին Հայաստանի զարգացման հիմնադրամը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և Լիտվայի արդյունաբերողների կոնֆեդերացիան: