1383 դիտում
15:47 04-08-2015
Կրթության զարգացման նոր ծրագիրը` առաջիկա տարիների տեսլական. Ա. Աշոտյան
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Խորհրադակցությանը մասնակցել են նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները: Նշելով, որ սպասվում է լարված աշխատանքային տարի՝ նախարարը շեշտել է, որ անկախ նախորդ տարիների ձեռքբերումներից` պետք է նոր թափով ու եռանդով լծվել սպասվող աշխատանքներին:
Արմեն Աշոտյանի խոսքով` օգոստոս ամիսը կրթության ոլորտում ամենևին հանգստյան ամիս չէ. այն ամբողջությամբ պետք է տրամադրվի նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին: Նախարարն օգոստոսյան խորհրդակցությունների նախաշեմին` համակարգված և որակյալ աշխատելու կոչ է արել: Արմեն Աշոտյանը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել սահմանամերձ գյուղերի դպրոցների` նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին` ընդգծելով, որ այդ ուղղությամբ գուցե որոշակի նպատակային ծրագրեր իրականացվեն:
Նախարարը ներկաների ուշադրությունն է հրավիրել նաև Վրաստանի հայկական դպրոցների խնդրին, որտեղ ըստ Արմեն Աշոտյանի, որոշակի հարցեր են առաջացել, մասնավորապես, դասագրքերի հետ կապված: Նախարարը տեղեկացրել է, որ Վրաստանի իր գործընկերոջ հետ ձեռք է բերել համաձայնություն` մի շարք խնդիրներ լուծելու վերաբերյալ:
Նախարարը հանձնարարել է նաև նախապատրաստել աշխատանքային տարվա ընթացիկ միջոցառումների ծրագրերը՝ ընդգծելով, որ ակնկալվում են նոր նախաձեռնություններ: "Մասնավորապես, այս տարվա հիմնական գերակայությունը և ամենակարևոր բովանդակային նախագիծը պետք է լինի "Կրթության զարգացման պետական ծրագիրը-2016-25թթ.":
Արդեն մեկնարկել է համապատասխան գործընթացը, որն ահռելի քաղաքական և ռազմավարական կարևորություն ունի և, համոզված եմ, որ լայն հասարակական հնչեղություն կունենա և կանցնի հանրային բուռն քննարկումների փուլ, քանի որ իր մեջ ներառում է առաջիկա տարիների կրթության տեսլականը",-նշել է Արմեն Աշոտյանը` ընդգծելով, որ այս տարվա երկրորդ խոշոր օրենսդրական նախաձեռնությունը "Գիտության և գիտատեխնիկական գործունեության մասին" ՀՀ օրենքն է, որը ներկայումս Ազգային ժողովում քննարկումների փուլում է:
Նախարարը նշել է, որ կարևոր նախաձեռնություններ են սպասվում նաև բարձրագույն կրթության ոլորտում` թե Բոլոնիայի գործընթացի համատեքստում, թե ազգային մակարդակում:
Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև ԿԳ նախարարությունում կիրակի օրը բռնկված հրդեհին` կոչ անելով այս շոգ օրերին առավել զգոն լինել էլեկտրական սարքավորումների հետ կապված խնդիրների հարցում:
Խորհրդակցության ավարտին Արմեն Աշոտյանը հորդորել է նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին ուշադրություն դարձնել կարգապահության հարցերին և աշխատանքային ռեժիմի խստիվ պահպանմանը:
Նմանատիպ նյութեր
898 դիտում
16:09 29-10-2022
ՔՊ-ն որդեգրում է ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման նոր տեսլական. հաստատվեց կուսակցության նոր ծրագիրը
2292 դիտում
12:37 19-06-2020
Նախագահ Արմեն Սարգսյան. «Պետք է ունենանք հստակ տեսլական՝ համահունչ աշխարհի զարգացման տեսլականին»
Այս բաժնից
700 դիտում
14:18 13-01-2025
Հայաստանը երբեք չի լինելու ԵՄ կազմում և դա աշխարհաքաղաքական գլոբալ ճշմարտություն է. Արմեն Աշոտյան
694 դիտում
13:49 13-01-2025
ԵԱՏՄ-ից դուրս գալը ռիսկեր կունենա, տարբեր հաշվարկներ ու սցենարներ ունենք. Վահե Հովհաննիսյան
673 դիտում
13:26 13-01-2025
Մեր մտքերը Կալիֆոռնիայի բնակիչների հետ են. Փաշինյան