211652_close_icon
views-count1373 դիտում article-date 17:52 12-07-2019

Ունենալ տեսլական, ռազմավարություն, գործողությունների ծրագիր. սա է զարգացման ճանապարհը. նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Լիբերալ քաղաքականության դպրոցի ուսանողներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադրած՝ Լիբերալ քաղաքականության դպրոցի ուսանողներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Հանրապետության նախագահը երիտասարդների հետ զրույցի ընթացքում պատասխանել է նրանց հարցերին, որոնք մասնավորապես վերաբերել են նախագահական ինստիտուտին և լիազորություններին, խորհրդարանական դիվանագիտության դերին, պետական կառավարման համակարգին, երկրի զարգացման հեռանկարներին: Պատասխանելով երիտասարդների հարցերին՝ նախագահը նշել է, որ աշխարհը փոխվում է: Գալիս է գաղափարների, նոր տեխնոլոգիաների աշխարհը, ու սա դեռ սկիզբն է: «Մենք պետք է հստակ իմանանք՝ ուր ենք գնում: Եթե անգամ ճանապարհը, որ դուրս ենք եկել, սխալ է, կշտկենք ընթացքում, բայց պետք է իմանանք՝ ուր ենք գնում: Եթե, օրինակ, ես գիտեմ, որտեղ է լինելու աշխարհը 10, 20 կամ 30 տարի հետո, կարող եմ քննարկել, թե որտեղ եմ ուզում լինել այդ աշխարհում, ինչպիսի պետություն եմ ուզում ունենալ այդ՝ ապագայի աշխարհում»: Նախագահ Սարգսյանն ասել է, որ պետք է ունենանք տեսլական, զարգացման ծրագիր՝ իմանալու, թե որ ուղղությամբ ենք շարժվում՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական պայմանները: «Պետք է աշխարհը գնահատել իր ամբողջության մեջ ու մեզ տեսնել այնտեղ, ունենալ տեսլական, ռազմավարական ծրագիր ու այդ ճանապարհով առաջ շարժվել,- նշել է նախագահը:- Բայց եթե այդ ծրագիրը չկա, չգիտեմ՝ ուր եմ գնում, ուր եմ հասնելու, հետևաբար, աշխարհի գնացքի մեջ լինելու եմ վերջին վագոնը: Ես ուզում եմ՝ մեր վագոնը առաջ գա»: Նա երիտասարդներին խորհուրդ է տվել իրենց առջև ավելի մեծ նպատակներ դնել, լինել լայնախոհ և ավելի ընդգրկուն մտածողություն ունենալ, որ կարողանանք լինել մրցունակ: «Հայաստանը աշխարհի բոլոր հայերի կենտրոնը պետք է լինի»,- ընդգծել է նախագահը՝ նշելով, որ զարգացում ապահովելու համար պետք է հաշվի առնել ողջ հայության ներուժը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր